Մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում անցկացվում  է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը:

Մայիսի 9-ից 11-ը, տարբեր երկրներից ժամանած 450 մարզիկ, իրենց ուժերն են չափում   «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։ Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի  նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով:  Մարզիկները մրցում են  35 քաշային կարգով: Այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է. ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից բացի առաջին անգամ մրցաշարին մասնակցում են նաև Ֆրանսիայից ժամանած մարզիկներ:

Կյանքից վաղաժամ հեռացած Արարատ Նազարբեկյանը ձյուդո մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել: Նրա օրոք Չարենցավանի ձյուդոյի հավաքականը գրանցել է մեծ հաջողություններ:

«Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը, Հայաստանում անցկացվում է 3-րդ անգամ: Ինչպես կազմակերպիչներն են շեշտել` այս մրցաշարը լավ հնարավորություն է   շարունակելու Արարատ Նազարբեկյանի կիսատ թողած գործը ու խթանելու մարզիկների նոր նվաճումների ձեռքբերմանը:

Մրցաշարին ներկա են եղել Նազարբեկյանի հարազատները:  Ի դեպ, այս անգամ մրցաշարին մասնակցելու են նաև  Արարատ Նազարբեկյանի  եղբայրների    թոռները, որոնք Ֆրանսիայում անցկացվող ձյուդո մարզաձևի տարբեր  մրցաշարերում զբաղեցրել են պատվո հարթակներ:

Մրցաշարի ընթացքում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են  հավաստագրերով, մեդալներով, դրամական պարգևներով և նվերներով: Թիմային հաշվարկով մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը նույնպես պարգևատրվել են դրամական պարգևներով ու նվերներով: Ձյուդոյի միջազգային մրցաշարի մրցանակային ֆոնդը շուրջ 2 միլիոն դրամ է:

 

Spread the love