Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի զգուշացրել է Ռուսաստանին, որ Եվրամիությունը կկիրառի ավելի խիստ պատժամիջոցներ նրա դեմ, եթե Մոսկվան այս շաբաթ քայլեր չձեռնարկի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։
«Մենք համաձայն ենք, որ եթե այս շաբաթ իրական առաջընթաց չլինի, մենք համատեղ կաշխատենք եվրոպական մակարդակով՝ պատժամիջոցները զգալիորեն խստացնելու համար,-շեշտել է Մերցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսում։ -Մենք կուսումնասիրենք այլ ոլորտներ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը և ֆինանսական շուկան»։
Միցոտակիսն, իր հերթին, շեշտել է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնական դեր խաղա Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու գործում, որը 2022 թվականի փետրվարից ի վեր պայքարում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դեմ։
« Եվրամիությունը պետք է միասնական լինի»,- Բեռլինում Մերցի հետ հանդիպումից հետո հայտարարել է Միցոտակիսը։