«Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են». Ժաննա Անդրեասյան

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը:

Ներկայացվել են թանգարանների ոլորտում պետական քաղաքականությունը, իրականացված բարեփոխումները, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իրականացվող ծրագրերը և այլն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արդեն ավանդույթ դարձած թանգարանային այս օրերի անցկացումը հնարավորություն է նաև ամփոփելու ոլորտում արված աշխատանքները, խոսելու անելիքների մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու ոլորտի նվիրյալներին:

«Թանգարանային աշխատանքը՝ առկա խնդիրներով, պահանջում է սրտացավություն ու նվիրվածություն, և վստահաբար կարող ենք ասել, որ ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են: Նրանց աշխատանքը պետք է պատշաճ գնահատվի ոչ միայն խոսքով, այլև աշխատանքային պատշաճ պայմաններով: Սա է պետական քաղաքականության և մշակույթի զարգացման ռազմավարության առանցքում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ մշակույթը դիտվում է իբրև ինքնաբավ ոլորտ, որը հանրային և տնտեսական զարգացման գործում ունի էական նշանակություն:

Ոլորտում արվող աշխատանքները՝ տվյալներով

Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ 2024 թ. թանգարաններն ունեցել են ավելի քան 1 մլն 245 հազար այցելու, որի 50 տոկոսը զբոսաշրջիկներ են եղել: Նախարարը կարևորել է այս հանգամանքը թանգարանների՝ որպես զբոսաշրջության զարգացման էական դերակատարների տեսանկյունից:

Նախարարն առանձնակի շեշտադրել է օրենսդրական դաշտի ձեռքբերումները

«Նախորդ տարի ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, որից հետո մեծածավալ աշխատանքներ են արվել նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ. 24 տարբեր իրավական ակտեր հաստատվել են, որոնք թանգարանների աշխատանքը գործնականում կարգավորող հնարավորություն են ստեղծում: Սահմանվել են թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները, պաշտոնի նկարագրերը, ատեստավորման գործընթացի կազմակերպումը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը: Մյուս ձեռքբերումը, որին անդրադարձել է նախարարը, էլեկտրոնային տոմսային համակարգն է: Այն այցելուների համար հեշտացնում է մի շարք  ծառայություններից օգտվելու գործընթացը, մեծացնում թանգարանների հաշվետվողականությունը և այլն: Ընթացքի մեջ են հուշանվերների առցանց խանութների՝ առավել ակտիվ գործարկման աշխատանքները, որոնք ապահովում են մշակութային ժառանգության հասանելիությունը նաև առօրյայում՝  հանրահռչակելով նաև թանգարանը:

Մշակույթի զարգացման հիմնադրամի մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն ասել է, որ այդ կառույցին պետք է պատվիրակվեն գնումների, հաշվապահության և մարքետինգի գործառույթները, իսկ թանգարանները կզբաղվեն իրենց բուն գործունեությամբ: Նախատեսվում է ընդլայնել թանգարանների ենթակառուցվածքները. մշակվում է թանգարանների խանութի զարգացման հայեցակարգը, թանգարաններին կից կլինեն սրճարաններ և այլն: «Ենթակառուցվածքների զարգացման նպատակն այն է, որ այցելելով թանգարան՝ մարդիկ կազմակերպեն լիարժեք օր: Արվեստին առնչվելը պահանջում է ժամանակ, խորհելու, հաղորդակցվելու  հնարավորություն: Այսպիսով՝ ցանկանում ենք ստեղծել որակյալ միջավայր և տնտեսական ակտիվացման հնարավորություն»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա իրազեկմամբ՝ 2023 թվականին վերականգնվել է թանգարանային հավաքածուները պետական միջոցներով համալրելու գործընթացը. արդեն 7 թանգարանից ներկայացվել են հայտեր՝ շուրջ 60 մլն դրամի շրջանակում:

Կապիտալ հատկացումներ

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հատկապես կարևորվում է որակյալ ու արդիական   թանգարանային միջավայր ունենալու հանգամանքը: «Արվեստի համաշխարհային օրը՝ ապրիլի 15-ին, վերաբացվեց Հայաստանի ազգային պատկերասրահը, որտեղ ներկայացված է հրաշալի ցուցադրություն: Աշխատանքներ են իրականացվել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում՝ թե՛ Երևանի, թե՛ Դիլիջանի մասնաճյուղերում: Դիլիջանի մասնաճյուղն առաջիկայում մեծ շուքով կբացվի: Հաջորդաբար կապիտալ ներդրումներ են արվել Գրականության և արվեստի թանգարանում, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում»:

 

9 տարբեր միջազգային ցուցադրություններ արտերկրում և Հայաստանում

Անդրադառնալով միջազգային համագործակցության կարևորությանը՝ որպես մշակութային դիվանագիտություն, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է. «Միջազգային համագործակցությունը հատկապես կարևոր է հանրային տեսանելիությունը բարձրացնելու տեսանկյունից: Այն նաև ապահովում է զարգացման, նոր մոտեցումների չափանիշներ: 2024 թ. ունեցել ենք 9 տարբեր միջազգային ցուցադրություններ արտերկրում և Հայաստանում: Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության՝ մինչ այս ունեցած ամենաշատ այցելուներով  ցուցադրությունն էր: Մեր նպատակը սահմանված այս նշաձողը  գերազանցելն է»:

Նա անդրադարձել է նաև տարբեր թանգարանների՝ առաջիկայում պլանավորած միջազգային համագործակցություններին: Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ վաղը՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում, ՀՀ թանգարաններն այցելուների պակաս չեն ունենա, ինչպես նախընթաց տարիներին:

Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի նշմամբ՝ Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու թանգարանների փոփոխվող դերն ու  առաքելությունը:

«Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային խորհուրդը ներկայանում է նոր խորագրով, որն ամփոփում է առավել արդիական թեմաները և թանգարանների նոր առաքելությունն այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ: Այս տարի Թանգարանների օրն անցկացվում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին: Հիմնական ուղերձ սահմանում  են թանգարանները՝ որպես փոփոխության կատալիզատորներ: Հայաստանի Հանրապետությունում թանգարանների ոլորտն այս պահին հիմնարար փոփոխությունների է ենթարկվում՝ նորանոր բարեփոխումներով»:

Աստղիկ Մարաբյանի տեղեկացմամբ՝ այս տարի Դուբայում կայանալու է Թանգարանների միջազգային խորհրդի վեհաժողովը, որի հիմնական թեմաներից է ընտրվել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես թանգարանների հիմնական առաքելություն: «Հաշվի առնելով, որ գլոբալ փոփոխությունների ենթարկվող աշխարհում ոչ նյութական մշակութային ժառանգության նշանակությունն էլ ավելի է կարևորվում, այս առումով թանգարանները հենց այն կարևոր կառույցներն ու հարթակներն են, որոնք իրենց առաքելությունը և դերակատարումը պետք է ստանձնեն այդ հավաքական ինքնությունը պահպանելու, մեր ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին փոխանցելու գործում»,- ասել է Աստղիկ Մարաբյանը:

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրեր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանն անդրադարձել է մեծն վարպետի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին, ամփոփել է Լայպցիգում իրականացված միջոցառումները: Արմենուհի Ավետիսյանը տեղեկացրել է՝ մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրության բացումը՝ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

«20 տարի անց թանգարանը նոր ցուցադրություն է ունենալու, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու՝ ավելի մտերիմ, ջերմ: Փորձել ենք այնպես անել, որ Վարպետն ընկալելի լինի թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, թե՛ զբոսաշրջիկներին, իսկ նրա թողած հսկայածավալ ստեղծագործական ժառանգությունը և հասարակական-քաղաքական կյանքում նրա ակտիվ գործունեությունը հասանելի լինեն բոլորիս»,- ասել է Արմենուհի Ավետիսյանը:

Անդրադառնալով տարվա ընթացքում սպասվելիք ծրագրերին՝ նա առանձնացրել է Փարիզի Ինալկո համալսարանի հետ իրականացվելիք միջոցառումները, որոնց շրջանակում կազմակերպվելու է իսահակյանական երկօրյա համաժողով, ներկայացվելու է թանգարանի կողմից ստեղծված «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, տեղի է ունենալու «Աբու-Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառումների շարք է նախատեսվում նաև Վենետիկում:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն ընդգծել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգությունն այն կարևորագույն ոլորտներից մեկն է, որն անմիջականորեն կապվում է մեր ինքնության հետ:

«Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր այցելու թանգարանից հեռանա ոչ միայն գիտելիքով, այլև այն զգացողությամբ և տպավորությամբ, որը շատ երկար կրելու է: Ըստ մեր թանգարանի նոր ձևաչափի և հայեցակարգի՝ այն դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է ակտիվացնել իր 5 զգայարանները: Սա բավական հետաքրքիր փորձառություն է: Այս ձևաչափով թանգարանն ամբողջությամբ այլ բովանդակություն է բերում իր բոլոր շահառուներին»,- ասել է Լուսինե Թորոյանն ու ներկայացրել թանգարանի կողմից իրականացվող մի շարք կրթական ծրագրեր:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենը կարևորել է նաև ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ յուրաքանչյուր տարի Սուրբ ծննդյան տոնավաճառներին մասնակցությունը. «Հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալու հայկական մշակույթին: Կարևորում եմ նաև մեր փառատոնային ակտիվ գործունեությունը: Առաջիկայում էլ՝ հունիսի 21-22-ին, անցկացվելու է «Արհեստների չորրորդ փառատոնը»»:

Մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

Spread the love