«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին, ժամը 16:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ- ից, Ֆրանսիայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ավստրիայից ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ երկու տարիքային խմբերում (մինչև 10 և 10–15 տարեկան), ովքեր իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները։ Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ՝ միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից ընտրված։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում է խաղաղության երազանքներ ու պատկերացումներ՝ երեխաների անկեղծ տեսանկյունից։ Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։ Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում։ Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը,որը կդառնա միջազգային հարթակ, որտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության, համերաշխության և հույսի ուղերձներով։ Այստեղ արվեստը կդառնա կապող կամուրջ՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ստեղծագործողների միջև։
«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես
