ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի ներկայացմանը՝ մշակութային Վերջին զանգին:
Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել են Հայաստանի չորս թագավորությունների պատմությունը և Ոսկեվազի պատմական միջավայրում հանդես եկել «Արքայապատում» թատերական ներկայացումով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով դպրոցականներին, ուսուցիչներին և ծնողներին, նշել է, որ նախարար Ժաննա Անդրեասյանի որոշմամբ իրականացվողմշակութային կրթության տարի նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռել բացահայտել դպրոցականների ստեղծագործական ներուժը, ներկայացնել դպրոցականների, ուսուցիչների, ծնողների միահամուռ աշխատանքի արդյունքները:
«Աշխատանքի բերումով ես ամեն օր ներկա եմ լինում մի քանի մշակութային միջոցառման, ծրագրի, այդ թվում՝ թատերական ներկայացումների: Իմ պատկերացմամբ այսօր ես եկել էի ավանդական տարեվերջյան ներկայացման, սակայն դուք գերազանցեցիք իմ բոլոր սպասելիքները: Հիացած և տպավորված եմ ներկայացրած նախագծային աշխատանքի որակով, բովանդակությամբ, ուղերձներով և ձևաչափով: Շատ ուրախ եմ, որ երեխաները հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը. այսպիսի միջոցառումները նպաստում են ունակությունների բացահայտմանը և զարգացմանը, համատեղ աշխատանքի կազմակերպման խթանմանը»,- ասել է Դանիել Դանիելյանը` շնորհակալություն հայտնելով դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին համագործակցված աշխատանքի համար:
Դպրոցի տնօրեն Արուսյակ Բաղդասարյանի խոսքով՝ արձագանքելով մշակութային կրթության տարի անցկացնելու ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը՝ դպրոցը որոշել է ավանդական Վերջին զանգի փոխարեն հանդես գալնախագծային աշխատանքով. «Գաղափարը շատ արագ դարձրեցինք գործողություն. աշակերտների հետ սկսեցինք հայ ժողովրդի պատմության 4 արքայատների փառավոր էջերը ներկայացնող «Արքայապատում» թատերական ներկայացման ստեղծման աշխատանքը»:
Դպրոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, բոլոր գործընկեր կառույցներին, ինչպես նաև Ոսկեվազ գինու գործարանի տնօրինությանը՝ նախագիծը տպավորիչ և հետաքրքիր միջավայրում իրականացնելու հնարավորության համար: