Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը լուրջ մարտահրավերներ է կանխատեսում պարենային անվտանգության մասով
Այս հարցը, ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, մշտական բնույթ է կրում Հայաստանի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարեց, որ խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, բայց ամեն դեպքում դրանով պետք է զբաղվել։
Իսկ ի՞նչ անել
Նախ, ըստ տնտեսագետի, պետք է խրախուսել տեղական արտադրությունը եւ առավելագույնս օգտագործել չմշակվող գյուղատնտեսական հողերի ներուժը։
Նշենք, որ տարբեր տվյալներով, Հայաստանում չմշակվող վարելահողերի մասնաբաժինը 50 տոկոս է կազմում։
Երկրորդ՝ ամենալուրջ ուշադրությունը պետք է հատկացնել ջրի խնդրին։ Գյուղատնտեսական կարիքների համար Սեւանից ջրի դուրս բերումը միշտ ուշանում է. լճում ամեն գնով ջուրն ավելացնելու ցանկության հետ կապված մոլուցքը լուրջ խնդիր է դարձել գյուղացիների համար:
Հատկանշական է, որ ջրի խնդրի գոյությունը խոստովանել է նաեւ վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով այս հարցով փոխվարչապետի գլխավորությամբ օպերատիվ շտաբ ստեղծելու մասին։
Բացի այդ, տնտեսագետն իշխանություններին խորհուրդ է տալիս ակտիվորեն օգտագործել սերմացուի, դիզվառելիքի եւ այլ կարեւոր բաղադրիչների սուբսիդավորման գործիքը։ Գյուղատնտեսության նախարարությունն անպայման պետք է վերականգնվի:
Ուշ փչացող ձավարեղեն կարելի է գնել արդեն հիմա, քանի որ պարենային ճգնաժամն այսօր կամ վաղը վրաչի հասնելու, բայց տարեվերջից այդպիսի սցենարի հավանականությունը շատ մեծ է, եւ խոսքը համաշխարհային պարենային ճգնաժամի մասին է։ Ուստի հիմա անհրաժեշտ է պաշարներ կուտակել՝ հաշվի առնելով, որ ճանապարհները բաց են։ Փորձագետը հիշեցրել է, որ ցորենի հիմնական արտահանողներն աշխարհում Ռուսաստանն ու Ուկրաինան են։
Ընդգծենք, որ ձավարեղենը Հայաստան է ներկրվում Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ այլ երկրներից։ Ցորենի ներմուծման հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին (2019-ին՝ 88 տոկոս, 2020-ին՝ 99 տոկոս)։
«Դրան զուգահեռ պետք է հասարակության ամենաաղքատ խավին (բնակչության 2-3 տոկոսը) պարենային աջակցություն տրամադրելու քաղաքականություն մշակել՝ հաշվի առնելով, որ գների բարձրացում է կանխատեսվում»,- ասաց Հրանտ Միքայելյանը։
Հայաստանի կախվածությունն արտաքին աշխարհից պարենային անվտանգության հարցում, ինչպես նշեց տնտեսագետը, մեծացավ Արցախի զգալի մասի կորստից հետո։ Հանրապետության զարգացման հիմնական ուղղությունն անմշակ հողերի օգտագործումն էր, որի արդյունքում Հայաստանն այնտեղից ստանում էր իր պարենի զգալի մասը։ «Դա նույնպես չէր գիտակցվում, եւ հիմա դա հիշելու լավ առիթ է հայտնվել: Հիմա արդեն պետք է մտածել լուրջ ներուժն օգտագործելու մասին, որը դեռ մնացել է Արցախում։ Հակառակ դեպքում ճգնաժամից խուսափելու համար Հայաստանը ստիպված կլինի ապահովել Արցախի բնակչությանը»,- պարզաբանեց Միքայելյանը։
Փորձագետի կողմից նշված փաստը հաստատում է Արցախում հացահատիկի արտադրության ցուցանիշը, որը 44-օրյա պատերազմից առաջ մոտ 150 հազար տոննա էր, որից 100 հազար տոննան արտահանվել է Հայաստան։ Իսկ պատերազմից հետո պարենային հացահատիկի ներմուծումը կանխատեսելիորեն աճել է 30 տոկոսով։ Դրան զուգահեռ՝ 2021 թվականին Հայաստանում հացահատիկի արտադրությունը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 38 տոկոսով։
Ինչ վերաբերում է արտահանման արգելքին, ապա Միքայելյանը կոչ է անում տարբերակված մոտեցում ցուցաբերել, քանի որ դա միշտ չէ, որ նպատակահարմար է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ենթադրեց, որ ցորենը կարող է թանկանալ 30-40 տոկոսով եւ նույնիսկ ավելին։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, անկասկած, ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ Ինչ վերաբերում է իրավիճակը մեղմելուն, ապա կարելի է որոշակի քայլեր ձեռնարկել, բայց ամեն դեպքում, դժվարություններից խուսափել հնարավոր չի լինի։ Պետք է ձգել գոտիները, ներքին ռեսուրսներ չկան։ Սրանք այն ժամանակները չեն, երբ երկիրը ռեզերվներ ուներ։ Այս հարցում մենք շատ խոցելի վիճակում ենք գտնվում։ Դժվարությունները կապված են լինելու ոչ միայն հացահատիկի, այլեւ բազմաթիվ այլ ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքների հետ։ Իրավիճակը սրում է ռուբլու արժեզրկումը, որը կտրուկ նվազեցրել է տրանսֆերտների տեսքով Հայաստան եկող գումարները»,- հավելեց փորձագետը։
Նա իշխանություններին առաջարկեց Իրանի հետ ավելի սերտ համագործակցության ուղիներ գտնել՝ ճգնաժամի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար: