2025 թվականի մայիսին Հայաստանը պատվով ներկայացավ Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում՝ դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։ Հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել էր Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ դեսպան Սերոպ Բեջանյանի և նրա տիկին Աննա Հասմիկյանի ջանքերով ու աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչը՝ Ինդոնեզիայի ճանաչված մոդել և դիզայներ Պոպի Դարսոնոն, նորաձևության շաբաթը վերածել էր բեմահարթակի, որտեղ համադրվում էին տարբեր ազգերի մշակույթներն ու նորաձեւության միտումները։ Հայաստանը ներկայացավ բարձր մակարդակով՝ արժանանալով բազմաթիվ մասնակիցների և հյուրերի հիացմունքին։ Հայկական կողմը ներկայացնում էին երեք բրենդ՝ ստեղծված «Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից Tarazart (Լիլիթ Մելիքյան)
Dzzec (Հայկուհի Կարապետյան)
Atelier+374 (Անգելինա Քամալյան) Այս երեք բրենդները ոչ միայն ներկայացրին հայկական ազգային տարազի ժամանակակից մեկնաբանությունները, այլև համադրեցին արմատական մշակույթն ու նորաձևության լեզուն՝ արժանանալով Ինդոնեզիայի և այլ երկրների դիզայներների բարձր գնահատականին։ Շաբաթվա ընթացքում գործում էր հատուկ հայկական տաղավար, որտեղ ներկայացված էին հայ վարպետների աշխատանքները՝ ձեռագործ պարագաներ, արհեստագործական արտադրանք, ազգային ոճով աքսեսուարներ և գեղարվեստական լուծումներով մոդելային նմուշներ։ Այցելուներն ունեին հնարավորություն անմիջական շփման հայ դիզայներների հետ, ձեռք բերելու հայկական մշակույթով ներշնչված ստեղծագործություններ և բացահայտելու մեր մշակութային արժեքները։ Ինդոնեզիա այցի շրջանակում տեղի ունեցան մի շարք մշակութային ու կրթական միջոցառումներ՝ կազմակերպված տիկին Աննա Հասմիկյանի նախաձեռնությամբ։ Կարևոր իրադարձություններից էր բատիկի վարպետության դասընթացը, որին մասնակցեցին 30-ից ավել դեսպանների տիկնայք և ազդեցիկ կանայք։ Մասնակիցները ծանոթացան հայկական նախշերին, կիրառեցին հայկական հնագույն դաջազարդման տեխնիկան, քննարկեցին մշակութային ժառանգության պահպանության հարցեր, կրթության կարևորությունը և կանանց դերակատարությունը տարբեր ոլորտներում։ Վարպետության դասի ավարտին կազմակերպվել էր վիկտորինա Հայաստանի մասին, որի ընթացքում խաղարկվեցին ազգային ոգով պատրաստված նվերներ։ Նախաձեռնության շրջանակում հայկական պատվիրակությունը այցելեց բատիկի թանգարան, երիտասարդ դիզայներները՝ իրենց ուսուցչի ուղեկցությամբ, անցկացրեցին համատեղ ուսուցողական սեմինար, ծանոթացան տեղական վարպետների աշխատանքին և փոխանակեցին փորձառություն։ Լիլիթ Մելիքյանը, ով հանդիսանում է Tarazart բրենդի հիմնադիր ու «Տերյան մշակութային կենտրոն»-ի ղեկավար նշեց․ «Ինդոնեզիայում հայկական մշակույթի ներկայացումը նոր էջ էր մեր միջազգային պատմության մեջ։ Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել այդքան մեծ սիրով ու ջերմությամբ ընդունող երկրի առաջ»։ Միջոցառման իրականացմանը աջակցել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հովնանյան հիմնադրամը։