Ինչպես կանխատեսվում էր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները բարձրացնելու մասին։ Բնակչության կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվարկով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ։
90-ականների սկզբներին ընդհատվեց Հայաստանի գազամատակարարումը տարածաշրջանում ծագած հակամարտությունների (Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախյան) պատճառով: Պարբերաբար պայթեցվում էին Հայաստան գազ մատակարարող խողովակները։ Խորհրդային շրջանում Հայաստան մատակարարվող գազը գալիս էր Ադրբեջանից(Ղազախով), այն փակվեց հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ 1992-1994 թվականներին Վրաստանի տարածքով անցկացվեց շուրջ 180 կմ գազամուղի նոր գիծ՝ հանրապետության գազամատակարարումը վերականգնելու նպատակով: Սակայն նոր գազամուղի կառուցումից հետո գազի ներկրման քանակը մնաց խիստ սահմանափակ:
1997 թվականից սկսվեց Հայաստանի գազամատակարարման համակարգի մասնավորցումը։ Հայտարարվեց «Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման» ծրագրի մասին: «Հայռուսգազարդը» (ներկայիս «Գազպրոմ Արմենիան») սկսեց բնակչության գազիֆիկացման լայնամասշտաբ ծրագիր՝ ներգրավելով նաև պետական, համայնքային, բնակչության և մասնավոր միջոցները: Օրինակ՝ գազատարը հասցվում էր մինչև բնակելի վայր, իսկ կոնկրետ բնակարանի գազիֆիկացման ծախսը հոգում էր բնակիչը: Արդյունքում՝ երկու տասնամյակի ընթացքում գազիֆիկացման մակարդակը 21 %-ից հասավ 96 %-ի:
Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների օրոք գազի սակագինը պարբերաբար վերանայվել է։ Անշուշտ, Հայաստան մատակարարվող գազի գնի վրա ազդել են քաղաքական, տնտեսական և այլ գործոններ, որոնք հանգեցրել են սակագների փոփոխությանը։
Բնակչության համար բնական գազի ամենացածր սակագինը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք, այդ տարիներին բնակիչ-բաժանորդները մեկ խմ գազի համար վճարում էին 51 դրամ։
Հայաստանի անկախության տարիներին ամենաբարձր սակագինը եղել է Սերժ Սարգսյանի օրոք, մասնավորապես՝ 2013-2016 թվականներին մեկ խմ գազի համար շարքային քաղաքացիները վճարում էին 156 դրամ։ Դա պայմանավորված էր հիմնականում նրանով, որ ռուսական կողմը Հայաստանին 1000 խմ գազը սահմանի վրա վաճառում էր 189 ԱՄՆ դոլարով (ներկայում՝ միջինը 173 ԱՄՆ դոլար)։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք առաջին անգամ է, որ բարձրանում է բնակչության համար գազի սակագինը․ ապրիլի 1-ից գազի սակագինը կունենա անկախության տարիների ամենաբարձր 3-րդ ցուցանիշն է։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀՀ բնակչությունը, անցած տարվա աննախադեպ բարձր գնաճից դեռ ուշքի չեկած, ստիպված է լինելու այս տարի ավելի շատ վճարել կոմունալ ծախսերի դիմաց։ Տեղին է հիշեցնել, որ 2022 թվականի հունվարի 1-ից 20 դրամով թանկացել է ջուրը, իսկ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է միջինը 4,7 դրամով։ Անշուշտ, այս ամենը մեծ հարված է հասցնելու մարդկանց կենսամակարդակին՝ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական նոր իրողությունները։
Արամ Աճեմյան
Լրահոս