ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման մասին:
Մրցույթի նպատակներն են զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք`
- ունեն կիրառական նշանակություն,
- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
- ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
- փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,
- մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- Բնական և ճշգրիտ գիտություններ (ֆիզիկամաթեմատիկական և քիմիական գիտություններ, գիտություններ երկրի մասին)
- Տեխնոլոգիաներ և նորարարություններ (տեխնիկական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ճարտարապետություն)
- Մարդասիրություն և սոցիալական գիտություններ (պատմական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական և սոցիոլոգիական գիտություններ, արվեստագիտություն, տնտեսագիտություն)
- Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (բժշկական, դեղագործական, կենսաբանական և գյուղատնտեսական գիտություններ)
- Ազգային անվտանգություն և ռազմական գիտություններ (կիբերանվտանգություն և տեղեկատվական պաշտպանություն, ռազմական գիտություններ և պաշտպանական տեխնոլոգիաներ, էներգետիկ և պարենային անվտանգության համակարգեր, ռազմաբժշկություն և արտակարգ իրավիճակների կառավարում)
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի:
Նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներով: