ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին:
ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով, նոր «Սթենվեյ» ռոյալով, լուսային և ձայնային համակարգով: Տնօրենի տեղեկացմամբ` արդեն մի քանի տարի է՝ վերաբացվել են շենքի երկու ճեմասրահները, որոնցում մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ:
Ժաննա Անդրեասյանը շրջել է նաև համերգասրահի նորաբաց գրադարանում և ներքնահարկի վերանորոգված տարածքում, որտեղ իրականացվում են ցուցադրություններ, թատերահամերգային պերֆորմանսներ, հանդիպումներ, քննարկումներ: Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարին ներկայացրել է նաև նորաստեղծ ձայնագրման ստուդիան, որը նախատեսված է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործությունների ձայնագրման համար:
Շրջայցից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆիլհարմոնիայի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության գործունեության ընդլայնման և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Քննարկման արդյունքում նախարարն առաջարկել է ներկայացնել առաջիկա տարիների գործունեության տեսլականը և նախաձեռնությունների փաթեթը: