Մարտի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի» բառից հետո առաջարկվում է ավելացնել «, նյութի» բառը: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:
Այսօր առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված նախագծի վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, որը քվեարկության արդյունքում չի ընդունվել:
Նշենք, որ խմբակցությունն առաջարկում էր ընթացիկ մարտի 15-ից ուժի մեջ մտնող՝ սննդի բացօթյա օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքին վերաբերող դրույթի կիրառումը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 15-ը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ առաջարկել էր «, նյութի» բառը փոխարինել «խառնուրդ» բառով, ինչը հանձնաժողովի կողմից քվեարկությամբ ընդունվել է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված նախագծին: