Այսօր տեղի ունեցավ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ տպագրված «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Շուրջ չորս դար ներառող և գորգերի ավելի քան հարյուր քսան տիպ պարունակող Հայոց ազգագրության թանգարանի (ՀԱԹ) այս հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, հարավարևելյան Կովկասի ու Պարսկաստանի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական հայաշատ կենտրոններին պատկանող գորգերը։
Ողջունելով ներկաներին՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը նշեց, որ նման աշխատանքները հայագիտության ոլորտում պետք է կատարել միմյանց հետ համագործակցելով՝ աչքի առաջ ունենալով մեր հարևանների ընդգծված հետևողականությամբ և պարբերականությամբ հայկականության յուրացման և աղավաղման գործոնը։ Հիմնադրամի վերլուծաբանի խոսքով՝ գորգագործության պատմական հետքը Հայոց մեջ դիտարկվում է վաղ անցյալից ու փաստագրված և նկարագրված է թե՛ միջնադարի պատկերագրության ու արձանագիր աղբյուրներում և թե՛ պատմական սկզբնաղբյուրներում։ Հայկական գորգերի որակական և արտաքին գեղագիտական առանձնահատկությունների մասին վկայում են արաբ պատմիչներից մինչև ուշ միջնադարի և նոր ժամանակների եվրոպական, ռուսական և այլ օտար աղբյուրներ։ Մարգարյանն ընդգծեց, որ կարևոր է գիտակցել ոչ միայն հայկական գորգագործության ուսումնասիրության, այլև՝ դրա հանրահռչակման առաջնահերթությունը, իսկ գորգագործությունն ուղղակի նյութական հնարավորությունների արդյունք չէ, այլ մշակութային ինքնության, ավանդույթի, կաղապարների, պատկերային և խորհրդանշական համակարգի դրսևորում է։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պավել Ավետիսյանը նշեց, որ այս աշխատանքով մենք լուրջ պայքար ենք մղում նրանց դեմ, ովքեր փորձում են ուծացնել, վերցնել այն, ինչը մեր ազգային ինքնության առանցքներից մեկն է։
Հավաքածուի համահեղինակ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն, պ․գ․թ․ Կարեն Փահլևանյանը, կարևորելով ՀԱԹ-ի և «Գեղարդ» հիմնադրամի աշխատանքը, ընդգծեց, որ ներկայացվող ժողովածուն նոր խոսք է հայագիտության, մշակութաբանության, արվեստաբանության բնագավառում և ներառում է 47 տարիների աշխատանք։
Զեկուցմամբ հանդես եկավ հավաքածուի համահեղինակ, պ․գ․թ․ Աշխունջ Պողոսյանը՝ նշելով, որ հավաքածուն ստեղծվել է աշխարհում մեր՝ հայկական գորգագործական հաղթարշավը սկսելու համար նաև։ «Սա այն շտեմարանն է, որը մենք տալիս ենք մասնագետներին և հետաքրքրվողներին՝ ասելու, թե հայոց ինչպիսի պատմամշակութային ժառանգություն ունենք մենք»,- իր խոսքն ամփոփեց հեղինակը։
Համահեղինակներից Սվետլանա Պողոսյանն իր խոսքում ընդգծեց, որ գորգը եղել և շարունակում է մնալ հայկական ազգային ինքնության կարևորագույն դրսևորումներից մեկը՝ ունենալով ոչ միայն կիրառական, այլև՝ ծիսական և պաշտամունքային կիրառություն։
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մխիթար Գաբրիելյանն արձանագրեց, որ ակտիվ և կառուցողական համագործակցությունը չափազանց կարևոր քայլերի սկիզբ կարող է դառնալ, ինչի վկայությունն է այս հավաքածուն։