Հայաստանն ունի զենքի սեփական արտադրություն և կարող է բավարարել ԱԹՍ–ների ամբողջ պահանջարկը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանում կան ընկերություններ, որոնք արտադրում են սպառազինություն, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքեր, որոնք շատ մոտ ժամանակներում կհամալրեն բանակի սպառազինությունը։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար, ՀՀ ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Համոզված եմ, որ շատ մոտ ժամանակում մենք նորից հաջողություններ կարձանագրենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ–ների արտադրություն կունենանք և , ինչո՞ւ չէ, կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Հատկապես պատերազմով անցած պետության, բանակի պահանջները շատ խիստ են դրված։ Եվ պահանջների պատճառով է, որ որոշակի առումով ուշացումներ եղան»,– ասել է նա։ 

Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ Հայաստանը մեծ թվաքանակով զենքեր է արտադրում, որոնք արդեն կիրառության մեջ են։ «Բավականին մեծ թվաքանակով [զենքեր – խմբ․], որոնք կիրառվում են հիմա։ Ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք մոտ ժամանակներս կսկսեն կիրառվել բանակում»,– ասել է նա։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ այսօր բանակը համապատասխան ստորաբաժանումներ է պատրաստում, որպեսզի դրանք կարողանան կիրառել այդ սպառազինությունը։

Spread the love