«TAMARA FOOD»-Ի ՉՈՐՍ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան)։

 

Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ մսամթերքի առկա արտադրատեսակներից։

 

Ուսումնասիրությամբ բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ.  «Խինկալի խորը սառեցված» (արտադրված՝ 26․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ Բորբոսասնկեր, «Պելմենի ընտանեկան» (արտադրված՝ 12․06․2025) և «Իշլի քյուֆթա» (արտադրված՝ 01․07․2025)  արտադրատեսակների նմուշները՝   Listeria monocytogenes, «Մսով լցոնված բլինչիկ» (արտադրված՝ 27․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն)  և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ «Tamara food»):

 

«Թամարա ֆուդ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

Ընկերությանը տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

 

Spread the love