Մեր զրուցակիցն է Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանը: -Պարոն Գալստյան, Ձեր համայնքում անցյալ տարվա ծրագրերը որքանո՞վ է հաջողվել իրականացնել՝ հաշվի առնելով համավարակի և պատերազմի իրողությունները: Ի դեպ՝ տեղյակ եմ, որ Նորաբացը ևս ունի հերոսացած մարտիկներ… – Մի շարք ծրագրեր ենք իրականացրել, օրինակ՝ կապիտալ վերանորոգել ենք համայնքի մանկապարտեզի մի ամբողջ հարկաբաժին ու կահավորելուց հետո բացել ենք 3-րդ խումբը: Սա ամբողջությամբ լուծել է մինչդպրոցական տարիքի երեխաների խնամքի հարցը համայնքում: 2020-ին արդիականացրել ենք գյուղի արտաքին լուսավորության համակարգը: Սկսել ենք այնքան խնդրահարույց՝ ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Թե՛ համավարակը, թե՛ պատերազմը լուրջ խնդիրներ հարուցում էին, բայց թեկուզ մի քիչ անտրամադիր, սակայն լուծել ենք համայնքի առջև դրված խնդիրները, թույլ չենք տվել, որ կյանքը կանգ առնի: Ավաղ, նույնը չի հաջողվել պատերազմական գործողությունների մասնակից մեր համայնքի երիտասարդներից ոմանց առումով: 44-օրյա պատերազմում ունեցել ենք զոհեր, իսկ օրերս ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգև և արիության մեդալ ենք հանձնել մեր անմահացած Դավիթի հարազատներին… -Համայնքում ասֆալտապատման աշխատանքներ չէին իրականացվել 80-ականներից ի վեր: Այցելելիս նկատեցի, որ ճանապարհները հիմնանորոգվել են: Դրանք ի՞նչ միջոցներով են արվել: -Այո: Հենց այս պահին էլ ակտիվ ասֆալտապատման աշխատանքներ են համայնքում. պետական բյուջեի միջոցներով հիմնովին նորոգում ենք գյուղ մտնող գլխավոր ճանապարհը: Անցյալ տարվանից ենք սկսել ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Նախորդ տարի, օրինակ, կրկին պետբյուջեի միջոցներով ողջ երկայնքով ասֆալտապատեցինք Նորաբացը Մասիսի հետ կապող քարուքանդ ճամփան: Հիմա շատերը այն օգտագործում են նույնիսկ Մասիսից Երևան գնալ-գալու համար, որովհետև հարթ, նորմալ ճանապարհ է: -Համայնքային նշանակության ի՞նչ ծրագրեր են նախատեսված այս տարի, որ իրականացվել են կամ դեռ պիտի իրականացվեն: – Ինչպես արդեն ասացի՝ մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Բացի այդ, ունենք նաև սուբվենցիոն ծրագիր՝ 30-70% չափաբաժնով՝ կրկին ասֆալտապատման համար: Հետաքրքիր նախագիծ ունենք՝ կապված ցերեկային լուսավորության համակարգի արդիականացման հետ: Համայնք-պետություն՝ 50/50 ֆինանսավորմամբ լեդ՝ էլեկտրախնայող լուսավորություն ենք ուզում ստեղծել: Համաֆինանսավորում ենք փնտրում սպորտային մեծ համալիրի կառուցման համար, տեղն ու մասնակի մեջոցներն ունենք, այժմ բանակցում ենք դոնոր կազմակերպությունների հետ: Ծրագրերում է նաև ոռոգման՝ հնացած համակարգի փոխարինումը նորով, որն ավելի ծախսատար է, բայց որի իրագործման համար ևս ջանքեր ենք գործադրում:
-Եվ վերջապես, կրթա-մշակութային կյանքն ինչպիսի՞ն է համայնքում, միջոցառումներ, լուսավորչական աշխատանքներ. ակտի՞վ է մշակութային կյանքը:
-Մենք համայնքապետարանում հատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային ծրագրերի իրականացմանը, անընդհատ պրպտում ենք՝ էլ ինչով կարող ենք հարստացնել մեր բնակիչների առօրյան: Երևի նկատել եք՝ բացօթյա ամֆիթատրոն ունենք, որը հնարավորություն է ընձեռում ներկայացումների, ֆիլմերի ցուցադրման համար: Հատկապես տոն օրերին անպայման մի ինչ-որ մշակութային ծրագիր իրականացնում ենք, հունիսի 1-ի՝ մանուկների օրվա կապակցությամբ էլ անակնկալ ենք պատրաստել նաև այս տարի: Լավ գրադարան ունենք, միջազգային չափորոշիչների համապատասխան ֆուտբոլի դաշտ, որը թեև կարիք ունի հիմնանորոգման, բայց հընթացս ծառայում է սպորտային մարզումների համար:
Միայն թե խաղաղություն լինի, մնացածն անում ենք ու կանենք…
Հոդվածը՝ Նանե Մակուչյանի եվ Կարինե Սարգսյանի
Post Views: 146