Ամենախոշոր ծրագիրը եղել է ճանապարհային ցանցի բարելավումը. Գնել Սանոսյան

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը հաշվետու տարում 22 ծրագրով նախատեսված 131 միջոցառման իրականացման համար պետական բյուջեից հատկացրել է 214,7 մլրդ դրամ, որից օգտագործվել է 202,4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ամենախոշոր ծրագիրն եղել է ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը, որի համար նախատեսվել էր հատկացնել 66,4 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 60,5 մլրդ, կատարողականը կազմել է 91,1 տոկոս:

Մյուս խոշոր ծրագրի շրջանակում բարեփոխվել է ոռոգման համակարգը: Այդ նպատակով նախատեսված 21,4 մլրդ դրամից օգտագործվել է 19,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 92,4 տոկոս: Քաղաքային զարգացման ծրագրի համար նախատեսված էր հատկացնել 21,2 մլրդ դրամ, օգտագործվել է 19,7 մլրդ դրամ: Ջրամատակարարման եւ ջրահեռացման համար օգտագործվել է 6,6 մլրդ դրամ, նախատեսված էր հատկացնել 7,4 մլրդ դրամ, կատարողականը` 89,5 տոկոս:

Տրանսպորտի ոլորտում նախարարը կարեւորել է մարզային տրանսպորտային երթուղիների մրցույթների անցկացումը` նշելով, որ շատ բնակավայրեր տրանսպորտային հաղորդակցության խնդիրներ ունեն:

Նախարարը հայտնել է, որ Կոտայքի մարզում մրցույթներն արդեն իրականացվել են, մարզի բնակավայրերը մոտ ապագայում կսպասարկեն  150 ավտոբուսներ: Մյուս մարզերում եւս նախատեսված է անցկացնել մրցույթներ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Spread the love