Մարտական հենակետում նախօրեին՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանը 2020թ.–ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Սյունիքի մարզում։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։
Ալբերտն ուներ մեկ ավագ քույր։
«Ալբերտը շատ հարգված ու հասարակ ընտանիքից էր։ Համայնքում շատ էին սիրում իրեն, շատ հանգիստ տղա էր։ Սիրողական մակարդակով ֆուտբոլով էր զբաղվում։ Իր նպատակն իր ընտանիքին օգնելն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին համայնքապետարանից։
Ալբերտը միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը տարիներ առաջ է մահացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լեւոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ նախնական տվյալներով, Ալբերտ Սիրոյանը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։
Կատարվում է նախաքննություն: