Նորարարության ոլորտում հայ կանանց ներուժը արտացոլվեց Գլենդելի տեխնոլոգիական շաբաթ 2025-ի ժամանակ, որտեղ FEMINNO-ն, համագործակցելով DISQO-ի հետ, կազմակերպել էր ազդեցիկ երեկո՝ լի քննարկումներով, մշակույթով և համայնքային շփումներով։ Հայաստանում հիմնադրված FEMINNO-ն այսօր վերածվել է գլոբալ ցանցի, որը խթանում է հնարավորությունների հավասարությունը և նորարարությունը STEM ծրագրերի, համաժողովների և համայնքային նախաձեռնությունների միջոցով։
DISQO-ն Glendale-ում հայ հիմնադիրների կողմից ստեղծված տեխնոլոգիական ընկերություն է, որը հայտնի է իր ներառական մշակույթով և տեխնոլոգիաներում կանանց աջակցելու քաղաքականությամբ, ինչի պատճառով էլ բացել էր դռները նորարար լսարանի համար։
Միջոցառումը մեկնարկեց Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ հայազգի Էլեն Ասատրյանի ելույթով, ով ընդգծեց հայ կանանց առաջնորդության ուժն ու ազդեցությունը։
Ծրագրի հիմնական բանախոսն էր Strategic Global Advisors ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ հայազգի Սինթիա Թուսանը։ Ակտիվների կառավարման ոլորտում տասնամյակների փորձով՝ Թուսանը ղեկավարել է միջազգային բաժնետոմսերի թիմ, որը կառավարել է մոտ 3.5 միլիարդ դոլարի ակտիվներ։ Նա ներկաներին ներկայացրեց գլոբալ տեսլական առաջնորդության, ռազմավարության և ֆինանսական աշխարհի ու նորարարության հատման կետերի շուրջ։
Այնուհետև անցկացվեց դինամիկ պանելային քննարկում, որի մասնակիցներն էին՝ Աննա Ալադադյանը (Արտադրանքի կառավարման փոխնախագահ, DISQO), Վանեսա Անսուրյանը (Գլխավոր տնօրեն և նախագահին կից ավագ մենեջեր, The Walt Disney Company) և Մարիա Փալանջյանը (Հիմնադիր և գործադիր տնօրեն, Globafly)։ Նրանք կիսվեցին արտադրանքի կառավարման, կորպորատիվ նորարարության և ձեռնարկատիրական տոկունության վերաբերյալ փորձով՝ միաժամանակ անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք, և այն հնարավորություններին, որոնք նրանք օգտագործում են՝ ձևավորելու տեխնոլոգիաների ու բիզնեսի ապագան։ Լսարանն ակտիվորեն մասնակցեց, իսկ հարցուպատասխանը վերածվեց խորքային երկխոսության, որը վկայեց Glendale-ի պատրաստակամության մասին՝ խթանելու կանանց նորարարությունն ու առաջնորդությունը։
Երեկոյի մշակութային շունչը բերեց պարուսույց Աննա Մուրադյանը, ով մասնակիցներին հրավիրեց սովորելու հայկական ավանդական Քոչարի պարը։ Դահլիճը լցվեց ժպիտներով ու շարժումով, երբ տեխնոլոգիական առաջնորդներն ու համայնքի անդամները միասին պարում էին՝ միավորելով նորարարությունն ու ժառանգությունը։
Առաջ նայելով՝ FEMINNO-ն ակտիվացնում է իր տեղական համայնքը Լոս Անջելեսում՝ որպես նոր կենտրոն, և պատրաստվում է 2025 թվականի դեկտեմբերին նոր մասնաճյուղ հիմնել Նյու Յորք քաղաոում։ Միևնույն ժամանակ, արդեն ընթացքի մեջ են FEMINNO միջազգային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները, որը կկայանա Երևանում՝ 2025 թվականի նոյեմբերի 15-ին՝ շարունակելով Հայաստանում միավորել նորարար կանանց ամբողջ աշխարհից։
Իր առաքելությանը աջակցելու համար FEMINNO-ն հրավիրում է իր համայնքին միանալ և աջակցել STEM խթանման մրցանակաբաշխություն ծրագրին, որն ուղղակիորեն խթանում է Հայաստանի ավելի քան 200 դպրոցական աղջիկների STEM կրթությունը՝ պատրաստելով նոր սերնդի անպարտելի նորարարներին։
«Այս միջոցառումը ցույց տվեց, որ հայ կին նորարարները իսկապես անպարտելի են», – նշեց FEMINNO-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը։ «Գլոբալ առաջնորդների, ինչպիսին է Սինթիա Տուսանը, DISQO-ի նման ընկերությունների՝ ներառական մշակույթ ձևավորելու ջանքերի և տարբեր ոլորտներում արգելքները կոտրող կանանց շնորհիվ մենք պարզապես չենք ձևավորում տեխնոլոգիաների ապագան․ մենք այն վերաձևակերպում ենք»։
