Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից
հոկտեմբերի 20-ը կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագիրը: Այն կմեկնարկի
սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում:
Ծրագրի շրջանակում նախատեսված Գիտության փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից
հոկտեմբերի 5-ն Ազատության հրապարակում, իսկ ապակենտրոնացված միջոցառումները՝ դպրոցներում
սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը։
Ծրագրի իրականացմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության
մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության
վարչության պետ Թամարա Սարգսյանը և «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և
հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը: Ներկայացվել են «Գիտության շաբաթ․
Հայաստան 2025» ծրագրի հայեցակարգը, սպասվող միջոցառումները, գաղափարն ու ձևաչափը:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի նշմամբ՝ արդեն երկրորդ տարին
կազմակերպվում է «Գիտության շաբաթ» համապետական միջոցառումը: Նախագծի հայեցակարգը և
նպատակը հասարակության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության մեծացումն է. «Այդ
նպատակով անհրաժեշտություն կա աշխատանք տանել տաբեր ուղղություններով՝ շեշտը դնելով նաև
գիտության հանրահռչակման վրա: Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ բացի
կենտրոնացված միջոցառումներից, որոնք տեղի են ունենալու Ազատության հրապարակում, կան նաև
ապակենտրոնացված միջոցառումներ, որոնցում ընդգրկված են տարբեր ուսումնական
հաստատություններ, այդ թվում՝ մանկապարտեզներ: Ուսումնական հաստատությունների համար
մշակված են միջոցառումների տարբեր փաթեթներ՝ նախագծեր և հետազոտություններ անելու
նպատակով: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար այդ փաթեթները տարբերակված են՝
մանկապարտեզի, տարրական դպրոցի, միջին և ավագ դպրոցների սովորողների համար»,- նշել է
Թամարա Սարգսյանը:
Վարչության պետի խոսքով՝ դպրոցներում բնագիտամաթեմատիկական և տեղեկատվական
տեխնոլոգիաների լաբորատորիաները տարեցտարի հագեցվում են, և մինչև տարեվերջ արդեն 900
դպրոց ամբողջական լաբորատորիաներ կունենա: Սա լայն հնարավորություն է, որպեսզի այդ
լաբորատորիաները, բացի ուսումնական նպատակներից, ծառայեն նաև արտադպրոցական նպատակների
և առավել մեծացնեն գիտության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը:
Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարի Գիտության շաբաթվա միջոցառումներին
մասնակցել է 200 դպրոց. «Այս տարի թիրախավորելու ենք մինչև 400 դպրոց և մանկապարտեզ:
Նպատակն է տարեցտարի ավելացնել այդ թիվը, որպեսզի բոլոր դպրոցները մասնակցեն Գիտության
շաբաթին»,- ասել է նա:

«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ
Մարգարյանի նշմամբ՝ «Գիտության շաբաթ» նախագիծը ստեղծվել է՝ հաշվի առնելով միջազգային
փորձը:
Այս տարի «Գիտության շաբաթը» ներկայանում է հագեցած ծրագրով. գլխավոր միջոցառումը
կանցկացվի Ազատության հրապարակում և կտևի 6 օր: Ծրագիրը բաժանված է 3 թեմատիկ
ուղղությունների: Առաջին՝ գիտական ինստիտուտները ցույց են տալու գիտության կարևորությունը՝
կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն: Երկրորդ
հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, երրորդ հատվածի հիմքում
գիտաֆանտաստիկ ուղղությունն է:
«Մեր կարևոր նպատակն է երկարաժամկետ կտրվածքում ինստիտուցիոնալ ձևաչափերով և
գործիքակազմով կարողանալ հասարակության ուշադրությունը սևեռել դեպի գիտությունը, որպեսզի
տաղանդավոր երիտասարդները ցանկանան դառնալ գիտնականներ:
Խնդիր է դրված աշխատել հասարակության մի շարք շերտերի հետ, ներգրավել տարբեր թիրախային
լսարաններ՝ երեխաներ, ուսանողներ, ծնողներ, տարեցներ: Հետևաբար, նրանց հետ պետք է աշխատել
տարբեր ձևաչափերով: Հենց այդ կոնցեպտի հիմքով էլ կյանքի է կոչվում «Գիտության շաբաթ»
ծրագիրը, որը հանդես է գալիս ամենատարբեր միջոցառումներով»,- ասել է Լիլիթ Մարգարյանը:
Բանախոսներն անդրադարձել են նաև Գիտության շաբաթվա ծրագրում դպրոցների մասնակցության և
կազմակերպական այլ հարցերին:

Spread the love