Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված
գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում՝ այսօր հանդիպել են Սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը և ԵՄ ավագ փորձագետներ՝ Ալբերտո
Մանտովանին,Արիանո Դոմինիկեն, ինչպես նաև ավագ փորձագետ Մելինե Բեգլարյանը, որոնք քննարկել են
Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և ԵՄ չափանիշներին
համապատասխանեցմանն առնչվող հարցեր։
Նկատի ունենալով, որ շուկայում էկոլոգիական և օրգանական արտադրանքների ի հայտ գալը նոր
մարտահրավերներ է ստեղծում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար, նրանք կարևորել
են Եվրոպական փորձի փոխանակումը և մասնագիտական կարողությունների ամրապնդումը՝ միտված
Հայաստանի սպառողներին որակյալ և անվտանգ սննդամթերքով ապահովելուն։
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ, նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար,
թեև 2022 թվականից ՍԱՏՄ ստուգաթերթերում ներառվել է Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի
վերահսկման (HACCP) համակարգը, սակայն դրա լիարժեք կիրառումը պահանջում է կարողությունների
շարունակական զարգացում։
Այս համատեքստում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակնկալում է աջակցություն
համակարգային բարեփոխումների և վերահսկողության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման
հարցում։
Տեղեկանք. Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և
ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, ուժի մեջ է մտել
2021թ. մարտից և սահմանում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ սննդամթերքի
արտադրության, առևտրայնացման և արտաքին առևտրի ոլորտները։
