ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Սերբիայի մայրաքաղաք
Բելգրադում մասնակցել է Եվրոպայի տարածաշրջանում կենդանիների անդրսահմանային առաջնահերթ
հիվանդությունների հարցերով փորձագիտական մշտական խմբերի (GF-TADs) տարածաշրջանային առաջին
համաժողովին։
Մասնակիցները ներկայացրել են անասնահամաճարակային իրավիճակը իրենց երկրներում, ինչպես նաև դաբաղի,
խոզերի աֆրիկյան ժանտախտի, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի, կատաղության, հանգուցային
մաշկաբորբի, թռչնագրիպի դեմ պայքարի մեխանիզմները։
Քննարկումների ընթացքում շեշտվել է կանխարգելիչ միջոցառումների՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման,
վայրի կենդանիների դիակների հավաքման և ոչնչացման, պարբերական մոնիթորինգների, արագ արձագանքման
խմբերի գործարկման, անասնահամաճարակային քարտեզագրման ու միջազգային կառույցների աջակցությամբ
պարբերական վարժանքների անցկացման կարևորությունը։
Համաժողովի ընթացքում Տիգրան Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել ԿԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակի
ներկայացուցիչ Դիմիտրի Մոռոզովի (քննարկել են անասնաբույժների մասնագիտական կարողությունների
բարձրացմանն ուղղված ուսուցման կազմակերպումը Հայաստանում) և Սերբիայի անասնաբուժական
լաբորատորիայի ղեկավար Միշո Կորոլևիչի հետ (քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի
հայտնաբերման համար լաբորատոր թեստերի տրամադրման հարցը, որը կարևոր քայլ է ԿԱՀԿ-ի կողմից
Հայաստանը այդ հիվանդությունից ազատ երկիր ճանաչելու գործընթացում)։
ՍԱՏՄ ղեկավարը բարձր է գնահատել համաժողովի նշանակությունը և դրան Հայաստանի մասնակցությունը՝
շեշտելով, որ անդրսահմանային հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն
տեղեկատվության արագ փոխանակմամբ և համատեղ գործողություններով:
ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
