Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, վերջին շրջանում տեղի են ունեցել բազմաթիվ ապօրինություններ ըստ տարածված լուրերի հունվարից համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով: Պարզ ասած վերջինս ճնշումներ է իրականացնում պետական համակարգում աշխատող կադրերի նկատմամբ՝ մանկավարժներ, դպրոցի տնօրեններ , և այլն, սակայն այս գործում նա միայնակ չի գործում, նրան սատարում են մարզային խոշոր և միջին համակիր կուսակցականներ , Արտաշատից «որոշ հայտնի ընկերներ» և միասին տեռոր են սկսել ակնկալելով ամսի 27-ի հաղթանակի արդյունքներին։ Որպեսզի մեր ինֆորմացիան մերկապարանոց չհնչի այդ մասին իր մտահոգությունն հայտնեց ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ,-«Պետական համապատասխան մարմինները պետք է պարզեն և արձագանքեն, տեղի ունեցող ապօրինությունները, ցավոք մենք տեսնում ենք աղմուկ բայց դրանց հետևից չեն գնում, քրեական գործ չի հարուցվում, ինչը արդեն մտահոգիչ է: Ընդդիմությունը քիչ լծակներ ունի , որ կարողանա միջամտել, սակայն մենք կարևորում ենք արդար ընտրությունների անցկացումը նաև ՏԻՄ ընտրություններում , ողջ գործիքակազմով հակադրվելու ենք այն ապօրինությունների դեմ , որոնք իրականում կան» :
Իսկ պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ խնդրի հետ կապված հավելեց՝ «Խայտառակ ապօրինություններ են տեղի ունենում Վեդիի տարածաշրջանում, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում դաժան փաստեր ունենք՝ պետական ամբողջ գործիքակազմը աշխատում է համայնքային բյուջեի հաշվին, վարչական ռեսուրսներ են օգտագործում բարեգործություն անվան տակ, իշխանական թեկնածուի բարեկամներին պաշտոնների են նշանակել , գյուղական համայնքների վարչական ղեկավարներին հատուկ հրահանգներ են իջեցրել, համայնքապետարանում Սարգսյանը իր մերձավորներին նշանակումներ է արել աշխատակազմում, մյուսներին կադրային ջարդ, բայց միևնույն է Գարիկ Սարգսյանը պարտվելու է» :
Մեզ չհաջողվեց կապ հաստատել համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանի հետ, նա հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ թեկնածու՝ Սպարտակ Թարթիկյանն էլ մեր այն հարցին թե ի՞նչպես է պատկերացնում ընտրությունների ելքը վերջինս ասաց.-«Ես կարող եմ շատ բան ասել ընդհանուր առմամբ, ինչպես նաև մեր նախընտրական ծրագրերից և այն համայնքային նշանակության խնդիրների հետ կապված, որոնք մենք պատրաստ ենք մեր թիմի հետ միասին լուծել, սակայն ընտրությունից երկու օր առաջ ասում եմ շատ կարճ՝ «Ես հավատում եմ վերևն՝ Աստված, ներքևում իմ ժողովրդին».ՍՊԱՐՏԱԿ ԹԱՐԹԻԿՅԱՆ
Սեփական լրատվություն