Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվեն ծրագրի մանրամասները: Բանախոսներն են՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը, խորեոգրաֆներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան, Կադեր Ատուն:

 

Միջոցառման կազմակերպիչներն են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։

 

Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։

 

Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։

 

Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում

Spread the love