Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 9 ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք․ ՆԳ նախարար

2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է
Փրկարար ծառայության ոլորտում կատարված աշխատանքներին և նշել, որ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում
հանրապետությունում գրանցվել է ընդհանուր 14704 արտակարգ դեպք և պատահար, ինչը նախորդ տարվա նույն
ժամանակաշրջանի համեմատ աճել է (հիմնականում պայմանավորված է հրդեհների թվի աճով)։
Նախարար Սարգսյանը հայտարարել է, որ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 2025 թվականի 9
ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք։
Խոսելով ինստիտուցիոնալ զարգացման մասին` ՆԳ նախարարն ընդգծել է գործարկված 11 հրշեջ-փրկարարական
կամավորական հենակետերի կարևորությունը, որոնք սպասարկում են 51 բնակավայրեր․ «Սա ոչ թե նոր հենակետերի
ձևավորում է, այլ գաղափարախոսության փոփոխություն, որովհետև համայնքի բնակիչները ևս պետք է մասնակցեն
համայնքի անվտանգության կազմակերպմանը և հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատների ներգրավումը այս
առումով բավական դրական պատկեր է ապահովել։ Նշեմ, որ սրանցից 2-ը ձևավորվել են 2025 թվականին՝
Մեղրաձորում և Մարմարիկում»,-ասել է ՆԳ նախարարը։
Խոսելով Փրկարար ծառայության համար ընթացիկ տարում գույքի ձեռք բերման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ
հաստատվել է ներդրումային ծրագիր շուրջ 5 մլրդ․ դրամի չափով․ ձեռք կբերվի 91 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և
հատուկ տեխնիկա։
«Պիտի փաստեմ, որ ընթացիկ տարում՝ մինչև նոյեմբերի ավարտը նախատեսում ենք ունենալ 8 հրշեջ և 10 արագ
արձագանքման փրկարարական ավտոմեքենա։ Ամբողջովին վերանայվել է մարտական համազգեստը և ձեռք են բերվել մի
շարք գործիքներ, որոնք հեշտացրել են Փրկարար ծառայության կյանքը ընդհանուր գործընթացների կազմակերպման
տեսանկյունից»,- ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Spread the love