Ի գիտություն ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտների

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կրթության և գիտության
նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում, որով հաստատված է ՀՀ բարձրագույն
ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը:
Նախաձեռնությամբ կարգավորվում է ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների
ուսանողական իրավունքների վերականգնման և ուսումնառության կազմակերպման գործընթացը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև «Կրթության մասին» օրենքը ուժի մեջ մտնելը (1999 թ.
մայիսի 14-ը)՝ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների
հավատարմագրման ինստիտուտ ներդրված չի եղել, սույն կարգավորմամբ ոչ պետական
չհավատարմագրված հաստատությունների՝ մինչև 2003 թ. ներառյալ շրջանավարտներին
հնարավորություն է տրվում ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում:
Մասնավորապես՝ ամրագրվում է, որ ոչ պետական չհավատարմագրված հաստատությունների
շրջանավարտները կարող են վերականգնվել բակալավրի կրթական աստիճանում հեռակա ուսուցմամբ
վճարովի համակարգում՝ բացառությամբ ավարտական կուրսերի: Վերականգնման կուրսը որոշում է
ընդունող հաստատությունը՝ հիմք ընդունելով շրջանավարտի դիպլոմի և հավելվածի բնօրինակը:
Եթե ուսանողին ավարտական փաստաթուղթ շնորհած հաստատությունը կամ մասնագիտությունը ունեն
հավատարմագրում, ապա շրջանավարտը կարող է վերականգնվել հենց տվյալ հաստատությունում, իսկ եթե
դրա գործունեությունը դադարեցված է, ապա՝ տվյալ մասնագիտության հավատարմագրում ունեցող այլ
ուսումնական հաստատությունում:
Հետագա ուսումնառության գործընթացը կարգավորվում է ընդունող հաստատության սահմանած կարգով՝
վերականգնման համար անհրաժեշտ առարկայական տարբերությունների (մինչև 40 կրեդիտ) հանձնման
ժամանակացույցով:
Այսպիսով՝ սույն կարգավորումները կապահովեն ոչ պետական չհավատարմագրված բուհերի
շրջանավարտների հետագա կրթության և աշխատանքային գործունեության շարունակականությունը:

Spread the love