Օֆելյա Համբարձումյանի հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել նամականիշի մարման արարողություն և հոբելյանական համերգ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում՝ նոյեմբերի
12-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա
Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում:
Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանը,
«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական
ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ անգնահատելի են Օֆելյա Համբարձումյանի ավանդն ու ներդրումը հայ
կատարողական արվեստի զարգացման ու տարածման գործում: «Օֆելյա Համբարձումյանն իր անկրկնելի
ձայնով, աշխատասիրությամբ ու բարձր կատարողական արվեստով հայ ավանդական երգը երկար ու ձիգ
տարիներ հնչեցրել է Հայաստանի բոլոր անկյուններում և արտերկրում: Կոմպոզիտորները նոր երգեր են
գրել հատուկ երգչուհու հրաշալի ձայնի և մաքրամաքուր կատարումների համար: Օֆելյա Համբարձումյանը
մեծ ժառանգություն է թողել՝ սերունդներին փոխանցելով բարձր կատարողական արվեստի նմուշներ և
մշտապես կատարելագործվելու ոգին։ Նրա արվեստը կամուրջ է սերունդների միջև, նրա կատարումները ոչ
միայն երաժշտական վարպետության արտահայտություն են, այլև ազգային ինքնության, զգացմունքների ու
հոգևոր արժեքների կենդանի վկայություն»,- նշել է Դանիել Դանիելյանը:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ
ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը (1925-2016 թթ.):
Նամականիշի վրա առկա են նաև «ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» և «ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ» գրառումները՝
հայերեն և անգլերեն լեզուներով: Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի, տպաքանակը՝ 10 000 հատ:
Հաջորդիվ՝ հոբելյանական տարվա շրջանակում կայացել է նաև «Օֆելյա Համբարձումյան 100»
հոբելյանական համերգը: Հանդես է եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:

Spread the love