ԵՄ երկրների առաջնորդները խորհուրդ են տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չհամաձայնել Ռուսաստանի պահանջներին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների, հայտնել են տեղեկացված աղբյուրները Wall Street Journal-ին (WSJ): Նրանց տվյալներով՝ հարցը բարձրացվել է Ուկրաինայի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջեւ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Մասնավորապես, Մակրոնը նշել է, որ Վաշինգտոնից պետք է խնդրվի մանրամասն բացատրություն տալ այն մասին, թե ինչպես Ուկրաինան պաշտպանված կլինի Միացյալ Նահանգների կողմից:
Der Spiegel-ը ավելի վաղ հաղորդել էր այս զրույցի մասին: Պարբերականի ձեռք բերած ձայնագրության մեջ Ֆրանսիայի նախագահն ասել է. «Հնարավորություն կա, որ Միացյալ Նահանգները դավաճանի Ուկրաինային տարածքային հարցում՝ առանց անվտանգության երաշխիքների վերաբերյալ պարզաբանման»: Նա նաեւ զգուշացրել է Զելենսկուն «մեծ վտանգի» մասին, որը ներկայացնում է խաղաղության համաձայնագիրը, որով պահանջվում է, որ Կիեւը Դոնբասը հանձնի Ռուսաստանին: «Նրանք խաղեր են խաղում՝ ձեզ հետ եւ մեզ հետ»,- ասել է Մերցը՝ ակնարկելով ամերիկացի բանակցողներին՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին եւ ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին:
«Der Spiegel»-ը նաեւ հաղորդել է, որ հեռախոսազրույցին մասնակցել են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն: «Մենք չպետք է Ուկրաինային եւ Վլադիմիրին [Զելենսկուն] մենակ թողնենք այս տղաների հետ»,- ասել է Սթուբը: Ռյութեն նշել է, որ ԵՄ երկրները պետք է «պաշտպանեն Վլադիմիրին»:
Նոյեմբերի կեսերին ԱՄՆ-ը Ուկրաինային է ներկայացրել խաղաղության ծրագրի նախագիծ: Դրա 28 կետերից մեկը կոչ էր անում Կիեւին ստանալ հուսալի անվտանգության երաշխիքներ: Ժնեւում Վաշինգտոնի եւ Կիեւի ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո, Դոնալդ Թրամփի խոսքով, այս փաստաթուղթը կրճատվել է մինչեւ 22 կետ: Մասնավորապես, Ուկրաինան բացառում էր տարածքային զիջումները խաղաղության դիմաց: Դեկտեմբերի 2-ին Ուիթքոֆը եւ Քուշները ծրագիրը ներկայացրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում: NBC News-ի աղբյուրների համաձայն՝ Պուտինը հրաժարվել է զիջումների գնալ Դոնբասի տարածքի, Ուկրաինայի զինված ուժերի չափի եւ գրավված տարածքների միջազգային ճանաչման հարցում: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «անկախ ամեն ինչից»՝ կգրավի Դոնբասը:
