Ալիեւը նոր օրն սկսել է Հայաստանին ներկայացվող նոր պահանջներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 5-ի առավոտը սկսել է Հայաստանին ներկայացվող նոր եւ հին պահանջներով։ Դրանք հնչել են «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի» 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։

Նման խոստումնալից վերնագրով համաժողովի անցկացումնը արդեն տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով հաշտեցման եւ փոխադարձ պահանջներից հրաժարվելու հայտարարված ջանքերը։ Բայց ոչ. Ալիեւը մի բան ասում, մի այլ բան անում է։

Ինչպես երեւում է ուղերձի տեքստից, «Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արեւմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ հավատքի սրբավայրերը եւ գերեզմանատները՝ ադրբեջանցի ժողովրդի հետքերն իր տարածքից ջնջելու համար»։

Որպես սպառնալիքների եւ պահանջների տակառում մի գդալ մեղր՝ Ալիեւը նշել է. «2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանդիպումը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, համատեղ հռչակագրի ստորագրումը եւ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս եւ վստահություն են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ»։

«Մենք հավատում ենք, որ Արեւմտյան ադրբեջանական համայնքի խաղաղասեր ներկայացուցիչները կվերադառնան իրենց նախնիների հողերը, եւ որ մեր ժողովուրդների միջեւ կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ»,- հայտարարել է Ալիեւը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումը եւ պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է եւ անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքը վերացնելու եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու համար»։ Ալիեւից թարգմանաբար՝ սա խաղաղության համաձայնագիր ստորագրման պայմանն է։

Այնուհետեւ Ալիեւը հղում է կատարել «պատմական փաստերին», որոնք, ինչպես հայտնի է, հռչակվում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կողմից եւ որեւէ կապ չունեն իրական պատմական փաստերի հետ։ Վերոնշյալից ելնելով՝ Ալիեւը եզրակացրել է. «Անհրաժեշտ են քայլեր՝ հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավական շրջանակում գնահատելու համար, եւ միջազգային հանրության աջակցությունն այս հարցում չափազանց կարեւոր է»։

 

Spread the love