Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում
անցկացվող «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին: Այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը
հայտարարում է ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակության
հայեցակարգի ներկայացման բաց կանչ։
Նպատակն է ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան, նորարարական և բովանդակային
առումով ամբողջական հայեցակարգ, որը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով երկրի
մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները և
ապագայի տեսլականը։
Ցուցահանդեսը կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ «Խաղ մարդկության համար.
սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով:
Հայեցակարգի հիմնական պահանջներ
1. Նախագիծը պետք է ներառի՝
գլխավոր գաղափար և համապարփակ սյուժետային լուծում, որը համահունչ է «ԷՔՍՊՈ-2027»
թեմատիկ շրջանակին և պահանջներին (տե՛ս https://expobelgrade2027.org/en/intro),
տաղավարի գեղարվեստական լուծում և դիզայն՝ ներառյալ միջավայրի կազմակերպում, նյութերի
ընտրություն և ընդհանուր էսթետիկ մոտեցում,
տեսողական ներկայացում՝ մուդբորդեր, էսքիզներ, 3D նախնական պատկերներ կամ մուլտիմեդիա
ներկայացում և այլն,
ինտերակտիվ, թվային կամ բազմամեդիա լուծումների նկարագրություն, որոնք կնպաստեն
այցելուների ներգրավվածությանը,
տեխնիկական և ֆունկցիոնալ լուծումների նկարագիր՝ ներառյալ կառուցման, տեղադրման,
աշխատանքի լոգիստիկ, ժամանակագրական և անվտանգության հիմնական մոտեցումները,
նախնական բյուջե (ծախսերի նախահաշիվ), որը կներառի նախագծման, արտադրության,
տեղադրման, լոգիստիկայի և շահագործման ծախսերը։
2. Բաց կանչին կարող են դիմել կազմակերպություններ, ստեղծագործական ստուդիաներ կամ
կոնսորցիումներ, որոնք՝
ունեն ցուցահանդեսային տաղավարների, թանգարանային կամ մշակութային ինստալյացիաների
ոլորտներում իրականացված առնվազն երեք (3) միջազգային կամ խոշորածավալ նախագծեր,
տիրապետում են հայեցակարգի մշակումն ու իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ
մասնագիտական, տեխնիկական և արտադրական ռեսուրսներին:
Դիմումին պետք է կցված լինեն պորտֆոլիո և թիմի հիմնական անդամների CV-ներ։
3. Գնահատման չափանիշներ
Ներկայացված հայեցակարգերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
գաղափարի ինքնատիպություն և բովանդակային խորություն,
թեմատիկ համապատասխանություն «ԷՔՍՊՈ-2027» պահանջներին,
իրագործելիություն և տեխնիկական հիմնավորվածություն,
բյուջեի հիմնավորվածություն,
կազմակերպության փորձ և իրականացման կարողություններ:
4. Ներկայացման կարգ
Հայտը պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ, էլեկտրոնային
փոստով՝ info@cultfoundation.am, կոնտակտային անձ՝ Օֆելյա Ազիզյան, հեռ.՝ +37493769578:
Թեմայի, տեխնիկական պահանջների և ցուցահանդեսային կանոնների վերաբերյալ մանրամասները
հասանելի են կազմակերպչական կոմիտեի պաշտոնական կայքում՝ https://expobelgrade2027.org/en։
