Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ կառավարությունը միջոցներ կհատկացնի

Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի
«Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ կառավարությունը միջոցներ կհատկացնի

Դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Պետական գույքի կառավարման
կոմիտեի ենթակայությամբ գործող «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին 80,166,700 ՀՀ դրամ հատկացնելու
վերաբերյալ նախագծին։
Երևանի Նալբանդյան 28 հասցեում (Հանրապետության հրապարակ) գտնվող 7809.9 քմ
ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած 0.262 հա հողամասը կառավարման է հանձնվել
«Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին՝ հետագայում դրա մասնավորեցման գործընթացն իրականացնելու
նպատակով։
Նախքան այդ, շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունների վերաբերյալ
ամբողջական և համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով 2025 թվականին ընկերության
կողմից հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկփուլ մրցույթ։ Մրցույթի
նախաորակավորման փուլին մասնակցել է 13 կազմակերպություն (այդ թվում՝ 2 արտասահմանյան),
որոնցից 12-ը հաղթահարել են նախաորակավորումը։ Արդյունքում, մրցույթի հաղթող է ճանաչվել անշարժ
գույքի կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Cushman &
Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն։
Կառավարության ֆինանսավորմամբ, համաձայնագրի կնքումից հետո «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն
9 ամսվա ընթացքում կներկայացնի գույքի կառավարման, տնօրինման լավագույն տարբերակների
վերաբերյալ առաջարկներ և մասնագիտական եզրակացություն։
Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և դրա
օգտագործման ցանկացած լուծում պետք է համապատասխանեցվի «Պատմության և մշակույթի անշարժ
հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքի
դրույթներին։

Spread the love