Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել
են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Այս առիթով Երևանի թիվ 86
մանկապարտեզ են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա
Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա
Սվաջյանը:
Պաշտոնյաները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, քննարկել ընթացիկ հարցեր,
զրուցել ծնողների հետ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել՝
մանկապարտեզում այս տարիքային խմբի գործարկումը համատեղ աշխատանքի արդյունք է: Նա հատկապես
կարևորել է ծնողների հետ հետադարձ կապ ապահովելու և նրանց դիտարկումները հաշվի առնելու
հանգամանքը. «Սա կարևոր ճանապարհ է, որը պետք է միասին անցնենք: Ծնողների կարծիքը կարևոր է՝
իմանալու, թե ինչպես պետք է շարունակել և լավարկել նախաձեռնությունը»:
Մսուրային խմբերում երեխաների ընդգրկումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝
հերթագրման միջոցով:
Վաղ մանկության տարիքի խմբեր են գործելու նաև Գյումրու, Վանաձորի և Հրազդանի նախադպրոցական
հաստատություններում:
Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի, ինչպես նաև զարգացման տարիքային
առանձնահատկությունները՝ ԿԳՄՍ նախարարությունը նախապես կազմակերպել է ծրագրում ընդգրկված
նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի,
դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:
Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր հիմնելու
պահանջը սահմանված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով:
Նախատեսվում է՝ պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի մսուրի ծառայության
հասանելիություն ապահովել բոլոր խոշորացված համայնքներում:

 

Spread the love