Նյու Յորք, ԱՄՆ — FEMINNO-ն՝ Հայաստանում հիմնադրված, կանանց եւ նորարարության շուրջ գլոբալ հարթակը, պաշտոնապես մեկնարկել է իր մասնաճյուղը Նյու Յորք քաղաքում՝ շարունակելով իր միջազգային ընդլայնումը Հայաստանի և Լոս Անջելեսի հաջող զարգացումներից հետո։ Այս նոր մեկնարկն արտացոլում է FEMINNO-ի զարգացող բնույթը՝ որպես կանանց, գաղափարների ու տեխնոլոգիաների միավորող հարթակ՝ միաժամանակ հավատարիմ մնալով հայ համայնքի և մշակույթի արժեքներին։
Նյու Յորքում անցկացված մեկնարկի միջոցառումը համախմբել է առաջնորդների, նորարարների եւ գործընկերների՝ երեկոն համեմելով ժամակակաից տեխնոլոգիական բովանդակությամբ, հայկական գինով և խոհանոցի ուտեստներով։ Միջոցառումը տոնում էր FEMINNO-ի ձեռքբերումները՝ միաժամանակ ընդգծելով Նյու Յորքում ձևավորվող և աճող գործընկերությունները։ Այն ևս մեկ անգամ հաստատեց FEMINNO-ի հանձնառությունը՝ կամուրջներ կառուցելու Հայաստանի և սփյուռքի միջև և ստեղծելու միջավայրեր, որտեղ նորարարությունը, մշակույթը և համագործակցությունը բնականորեն խաչաձևվում են։
Բանախոսների կազմը արտացոլում էր FEMINNO-ի կենտրոնացումը առաջնորդության վրա՝ քաղաքականության, տեխնոլոգիայի և սոցիալական ազդեցության խաչմերուկում։ Հուրի Գյուդելեքյանը՝ Unchained At Last կազմակերպության ՄԱԿ-ի համակարգողը և UN NGO CSW/NY-ի նախկին նախագահը, խոսել է հավաքական ուժի, քաղաքական ազդեցության և կանանց ու աղջիկների համար շարունակական պաշտպանվածության կարևորության մասին համաշխարհային մակարդակով։ Քրիստինա Այանյանը՝ Nasdaq-ի գործադիր պրոդյուսերներից մեկը, կիսվե է իր փորձով գլոբալ ֆինանսական և նորարարական կառույցներում՝ ընդգծելով կանանց դերը համակարգերը ներսից ձևավորելու և փոխելու գործում։ Առանձնահատուկ և առաջադեմ տեսանկյուն է ներկայացրել Սիրանուշ «Սիրի» Կոստանյանը՝ Նյու Յորքի համալսարանի (NYU) հրավիրյալ դասախոսը և Chief Digital & AI Officer-ը, ով անդրադարձել է արհեստական և մարդկային բանականությունների փոխհարաբերության զարգացմանը։ Նա շեշտել է, որ ԱԲ-ն չպետք է փոխարինի մարդկային դատողությանը, ստեղծարարությանը կամ համակրանքին, այլ պետք է հարստացնի և ուժեղացնի դրանք՝ ընդգծելով այսօր գործող առաջնորդների պատասխանատվությունը՝ ապահովելու տեխնոլոգիական զարգացումների մարդակենտրոն, էթիկական և ներառական բնույթը։
FEMINNO NYC-ի մեկնարկը նշանավորել է նաև FEMINNO-ի նոր անդամակցության մոդելի ներկայացումը, որը մշակված է աճող գլոբալ համայնքին աջակցելու համար՝ ուսուցման, առաջնորդության, համագործակցության և տեսանելիության կառուցվածքային հնարավորություններով։ Այս մոդելը արտացոլում է FEMINNO-ի անցումը դեպի կայուն էկոհամակարգ, որն ամբողջ տարվա ընթացքում աջակցում է կանանց և գործընկերներին։ Անդամակցության ծրագիրը նաև հանդիսանում է Նյու Յորք քաղաքում երկարաժամկետ ներգրավվածության և մասնաճյուղի զարգացումն ապահովող հիմք։
Երեկոյի ևս մեկ կարևոր պահ էր FEMINNO-ի AI Girls ծրագրի ներկայացումը՝ նախաձեռնություն, որը նպատակ ունի դեռահաս աղջիկներին զինել արհեստական բանականության գրագիտությամբ, վստահությամբ և ապագային պատրաստ հմտություններով։ Նյու Յորք քաղաքի մասնաճյուղի ստեղծմամբ AI Girls-ը պատրաստվում է ընդլայնվել մենթորության, գործընկերությունների և սփյուռքի ներգրավման միջոցով՝ ամրապնդելով իր առաքելությունը՝ ապահովելու, որ աղջիկները լինեն ոչ միայն տեխնոլոգիայի օգտագործողներ, այլ նաև մարդակենտրոն, ԱԲ-ով առաջնորդվող ապագայի ակտիվ մշակողներ։
Անդրադառնալով այս կարևոր հանգրվանին՝ FEMINNO-ի հիմնադիր Սեդա Պապոյանը նշել է․
«FEMINNO-ն սկսվեց Հայաստանում՝ որպես տեսլական՝ ստեղծելու տարածք, որտեղ կանայք կարող են առաջնորդել, նորարար և տեսանելի լինել։ FEMINNO-ն Նյու Յորք բերելը պարզապես աշխարհագրական աճ չէ․ դա պատասխանատվություն է։ Պատասխանատվություն՝ կառուցելու նշանակալից կապեր, ձևավորելու էթիկական նորարարություն և ապահովելու, որ կանայք ու աղջիկները լինեն այն ապագայի կենտրոնում, որը մենք ստեղծում ենք՝ հատկապես արհեստական բանականության դարում»։
Այսօր FEMINNO-ն ունի գործող մասնաճյուղեր Հայաստանում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում և շարունակում է աճել որպես գլոբալ շարժում՝ հիմնված նորարարության, մշակույթի և ազդեցության վրա։ Նյու Յորքի մեկնարկը ազդարարում է FEMINNO-ի ճանապարհի հաջորդ փուլը՝ հրավիրելով համայնքին ներգրավվել, համագործակցել և միասին ձևավորել այն, ինչ սպասվում է առաջիկայում։
