Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային
ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական
երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը:
Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական
մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց
բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է
«Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի
նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։
Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային
հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս
տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:
Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի
հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական
սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:
Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ Հովհաննես Չեքիջյանի
օրոք երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և
համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։
