ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև
կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության
տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու
մասին:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության
գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա
Սվաջյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝
ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման
առանցքային բաղադրիչն է, և սերտ համագործակցությունը թույլ կտա պատրաստել շուկայի պահանջներին
համապատասխան մասնագետներ։
Կողմերը համատեղ ներդրումներ կկատարեն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում, որոնք
կուղղվեն տեքստիլ, կարի արդյունաբերության և նորաձևության տեխնոլոգիաների որոտներում
մասնագիտական կրթության և ուսուցման որակի բարձրացմանը, անհրաժեշտ ուսումնափորձնական
միջավայրի ապահովմանը, դասավանդող անձնակազմի վերապատրաստմանը, զարգացման ծրագրերի
իրականացմանը:
«Մեզ համար կարևոր է, որ ի սկզբանե ամեն ինչ անենք միասին, այսինքն՝ սկսած կրթության
բովանդակության մշակումից ընդհուպ կրթական հաստատության համատեղ կառավարում։ Հատկապես
տեքստիլի ոլորտում նկատվում են տնտեսության դինամիկ զարգացում և մասնագետների մշտական
պահանջարկ, ուստի անհրաժեշտ է ապահովել որակյալ մասնագետների պատրաստում: Այս
համագործակցությունը հնարավորություն կտա քոլեջում ուսուցանել այն հմտություններն ու գիտելիքները,
որոնք շրջանավարտներին թույլ կտան ավարտելուց հետո որպես լիարժեք մասնագետներ մտնել
աշխատաշուկա»,– ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը կիրականացվի նաև պետական
ներդրումների միջոցով։
Կարևորելով դասավանդման գործընթացում ոլորտային մասնագետների ներգրավումը՝ նշվել է, որ նախորդ
տարվանից պետության կողմից վերապատրաստում և ատեստավորում է կազմակերպվել նաև տեքստիլ
ոլորտի մասնագետների համար, որը քոլեջներում դասավանդող մասնագետներին աշխատավարձի
բարձրացման հնարավորություն է ընձեռում։
«Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը ևս շնորհակալություն է հայտնել
համագործակցության համար և նշել, որ ընկերությունը պատրաստ է աջակցել քոլեջի նյութատեխնիկական
բազայի արդիականացմանը, մասնակցել աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսումնառության
կազմակերպմանը, գործնական ուսուցման ծրագրերի մշակմանն ու մասնագետների պատրաստմանը: Նրա
խոսքով՝ «Ալեքս տեքստիլը» համագործակցում է միջազգային խոշոր ընկերությունների հետ, և պետության
հետ կնքված այս փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի ընդլայնման
առումով: Մարատ Մովսիսյանը նշել է, որ արտերկրի փորձառու մասնագետները պատրաստ են գալ
Հայաստան և իրենց գիտելիքն ու գործնական փորձը փոխանցել տեղի կադրերին:
Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցել տեքստիլ, կարի և նորաձևության
տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը՝ հաշվի առնելով Կառավարության ծրագրով ամրագրված՝ մինչև
2026 թվականը տնտեսության արտադրողականությունը կրկնապատկելու նպատակը։
