ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Փաշինյան–Պուտին նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 31-ին։ Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ:
Վարչապետը ՌԴ նախագահին էր ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարեւորել էին 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը: