Հաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի  հրամանով  հաստատվել են 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն)
ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում
(հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Հայոց
լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն»,
«Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:
Քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից`
գնահատման 20 բալային համակարգով:
«Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն»
(ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն»,
այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու»
առարկաների քննությունները հանձնում են բանավոր:
«Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):
Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական
միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից` գնահատման 10 բալային համակարգով:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2026 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում
«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայաստանի պատմություն», «Մաթեմատիկա»,
«Հայոց լեզու և հայ գրականություն» «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», Օտար լեզու (անգլերեն,
ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), առարկաների քննությունները հանձնում են գրավոր:
Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային
համակարգով:
«Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն»
(ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են բանավոր:
«Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում): Քննական հարցատոմսերը կազմում
են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս
յուրաքանչյուր առարկայից` գնահատման 10 բալային համակարգով:
Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական
քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են`
20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները
գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման
համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝
8-9 միավոր – 4
10-11 միավոր – 5
12-13 միավոր – 6
14-15 միավոր – 7
16-17 միավոր – 8
18-19 միավոր – 9
20 միավոր – 10

Spread the love