Երեկ կառավարության նիստի ժամանակ ձեր քաղաքական առաջնորդը շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական իրավիճակի առջեւ. դրանից ժամեր հետո խոսվեց ԱԺ արտահերթ նիստի մասին եւ շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պետք է լիներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար: Թշնամական զորքերը ներխուժել են Փառուխ, նվաճել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ եւ մենք ինչո՞վ ենք զբաղված ԱԺ-ում: Մենք ի՞նչ ուղերձ ենք տալիս մեր ժողովրդին»,-ասաց նա եւ կոչ արեց իշխանություններին փոխել Սահմանադրությունը եւ այնտեղ գրել, որ սրանից հետո բոլոր քաղաքապետերը, գյուղապետերը, համայնքի ղեկավարները նշանակում է ՔՊ-ն:
«Այս խորհրդարանը ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին, ինձ մոտ տպավորություն է, որ դուք երկրի պաշտպանությունը և անվտանգությունը կազմակերպելու գլխավոր պատասխանատվությունը թողած՝ մտածում եք ձեր իշխանությունը ամրապնդելու մասին։
Այս խորհրդարանում պետք է գումարեր արտահերթ նիստ ու քննարկել պատերազմական իրավիճակում պետական բյուջեի ծախսերը վերանայելու ու դրանք ամբողջությամբ երկրի պաշտպանությանը ուղղելու հարցը, քննարկեր ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով կառավարման շտաբ ստեղծելու հարցերը, որովհետև դուք փաստել եք, որ անկարող եք կազմակեպել երկրի պաշտպանությունը։
Հետևաբար, կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին՝ ամսի 5-ին, ժամը 18․30-ին դուրս գալ փողոց և Ազատության հրապարակում միասին քննարկել՝ ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկենք»,- ասաց Սաղաթելյանը։