ԱՄՆ-ի գիտնականները վերլուծել են 17 տիրանոզավրերի մնացորդներ և տարբեր մեթոդների օգնությամբ (ներառյալ շրջանային և խաչաձև բևեռացված լույսը) նոր եզրակացությունների են հանգել նրանց հասունացման տևողության վերաբերյալ։ Ժամանակակից չափանիշներով այն անոմալ դանդաղ է թվում։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են PeerJ ամսագրում։
Ամենաերիտասարդ կենդանու մնացորդները ցույց են տվել, որ այն կշռել է ընդամենը 26,9 կիլոգրամ, թեև նրա տարիքը, դատելով «աճի օղակներից», եղել է առնվազն 10 տարեկան։ Այս օղակները, ի տարբերություն ծառերի տարեկան օղակների, մանրամասն տեղեկատվություն են պահպանում տիրանոզավրի կյանքի միայն վերջին 10-20 տարիների մասին, բայց տվյալ դեպքում դա էլ է բավարար եղել, հայտնում է Naked Science-ը։
Պարզվել է, որ մոտ 70 միլիոն տարի առաջ ապրած գիշատիչը 10 տարում հավաքել է նույն զանգվածը, որին ժամանակակից ջայլամը հասնում է ձվից դուրս գալուց ընդամենը 60-90 օր հետո։ Հիշեցնենք, որ ժամանակակից գիտական պատկերացումների համաձայն՝ դինոզավրերը թռչունների մի մասն են, որոնք պարզապես ունեն ատամներ (ինչից զուրկ են ժամանակակից թռչունները)։ Թռչուններն իրենց հերթին կլադիստիկորեն նույնպես դասվում են դինոզավրերի շարքին, որոնք, հետևաբար, լիովին չեն անհետացել 66 միլիոն տարի առաջ, ինչպես կարծում էր 20-րդ դարի գիտությունը։
Աշխատության մեջ հետազոտված տիրանոզավրերի ամենատարեց նմուշը սատկել է 27-ից 42 տարեկան հասակում (տարիքը տատանվում է՝ կախված աճի մոդելից): Ուսումնասիրված նմուշներին լավագույնս համապատասխանում էր A մոդելը, ըստ որի՝ դրանք ավարտում էին իրենց կմախքի աճը միայն 35-40 տարեկանում: Սա 15 տարով ավելի է այն տարիքից, որը նախկինում կանխատեսվում էր տիրանոզավրերի հասունացման համար:
Բացի այդ, սա ռեկորդ է բոլոր հայտնի կենդանիների շրջանում: Թեև ժամանակակից փղերը շարունակում են մեծացնել մկանների չափսերը մինչև 40 տարեկան, նրանց կմախքի ոսկորները 20-30 տարեկանից հետո այլևս չեն աճում: Ստացվում է, որ տիրանոզավրը դա արել է 20-30 տոկոսով ավելի երկար, քան հայտնի ցամաքային կենդանիներից ամենաերկար աճողները:
Նման աճի դեպքում երիտասարդ գիշատիչները պետք է զբաղեցնեին բոլորովին այլ էկոլոգիական որշեր, քան մեծահասակները, քանի որ 27 կիլոգրամ զանգվածով տասնամյա առանձնյակը 300 անգամ թեթև էր լիովին հասունացած տիրանոզավրից:
Ուսումնասիրված 17 մնացորդների հավաքածուներից երկուսը («Ջեյն» և «Փիթի» պայմանական անուններով առանձնյակները) ունեցել են աճի այնպիսի պրոֆիլներ, որոնք անհամատեղելի են մնացած 15-ի հետ: Սրանք կա՛մ առանձին ենթատեսակներ են, կա՛մ նույնիսկ այլ տեսակ, որն իր ոսկորներով միայն արտաքնապես է նման տիրանոզավրին:
Աշխատությունը որևէ եզրակացություն չի անում այս դինոզավրերի կյանքի առավելագույն տևողության մասին, ինչը 17 նմուշից բաղկացած ընտրանքի դեպքում լիովին տրամաբանական է: Սակայն դժվար է բացառել, որ նրանք կարող էին շարունակել ապրել զգալի ժամանակ՝ հասունացման ավարտից հետո: Այդ դեպքում T. rex-ն ավելի երկարակյաց է եղել, քան այսօր գիտությանը հայտնի ցանկացած այլ տաքարյուն գիշատիչ: Ժամանակակից խոշորագույն ցամաքային գիշատիչը՝ սպիտակ արջը, նույնիսկ անազատության մեջ 42 տարուց ավելի չի ապրում:
