Քաղցկեղի բուժումը մինչև ժամը 15:00-ն երկարացնում է հիվանդների կյանքը․ NatMed

Քաղցկեղի իմունոթերապիայի անցկացումն օրվա առաջին կեսին գրեթե կրկնակի մեծացնում է թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը։ Այս եզրակացությանն են եկել Փարիզ-Սակլե համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine (NatMed) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 210 պացիենտ, ովքեր ստացել են իմունոթերապիայի և քիմիոթերապիայի համակցված բուժում։ Մասնակիցներին ներարկել են արգելակիչներ՝ պեմբրոլիզումաբ կամ սինտիլիմաբ։ Դրանք դեղամիջոցներ են, որոնք «հանում են արգելակները» իմունային համակարգից և թույլ են տալիս T-բջիջներին հարձակվել ուռուցքի վրա։ Պացիենտների կեսը իմունոթերապիան ստացել է մինչև ժամը 15:00-ն, մյուս կեսը՝ օրվա ավելի ուշ ժամերին։ Այս ռեժիմը պահպանվել է բուժման առաջին չորս փուլերի ընթացքում, որոնք առանցքային են համարվում հետագա ապրելիության համար։

Պացիենտներին հետևել են միջինում 29 ամիս: Արդյունքների տարբերությունը զգալի է եղել. վաղաժամ բուժումը գրեթե կրկնակի առավելություն է տվել ապրելիության հարցում: Հեղինակների խոսքով՝ այս էֆեկտը համադրելի է կամ նույնիսկ գերազանցում է հակաքաղցկեղային նոր դեղամիջոցների ազդեցությանը, որոնք սովորաբար բեկումնային են համարվում:

Գիտնականները սա կապում են ցիրկադային ռիթմերի՝ օրգանիզմի օրական կենսաբանական ցիկլերի հետ: Առավոտյան T-բջիջներն ավելի մեծ քանակությամբ կենտրոնացած են լինում ուռուցքի մոտակայքում, իսկ օրվա երկրորդ կեսին անցնում են արյան հոսքի մեջ: Հետևաբար, իմունոթերապիայի վաղ ներարկումը մեծացնում է հավանականությունը, որ ակտիվացված իմունային բջիջները կհայտնվեն ուռուցքի կողքին և ավելի արդյունավետ կոչնչացնեն այն:

Հեղինակներն ընդգծում են, որ բուժման ժամի փոփոխությունը նոր դեղամիջոցներ կամ տեխնոլոգիաներ չի պահանջում և կարող է թերապիայի արդյունավետությունը բարձրացնելու պարզ միջոց դառնալ: Հետագայում նրանք նախատեսում են հստակեցնել, թե արդյոք գոյություն ունի օրվա ընթացքում օպտիմալ «պատուհան», սակայն նույնիսկ ներկայիս տվյալները փաստում են, որ պացիենտի կենսաբանական ժամացույցի հաշվառումն ի վիճակի է զգալիորեն բարելավել քաղցկեղի բուժման արդյունքները:

 

Spread the love