Գազի գինը Եվրոպայում ուրբաթ առավոտյան բարձրացել է՝ 1 000 խորանարդ մետրի համար գերազանցելով 1,5 հազար դոլարը, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մայիսյան ֆյուչերսներն, ըստ եվրոպական ամենամեծ TTF հաբի ինդեքսի, աճուրդները բացել են մոտ 1 480 դոլարի մակարդակով եւ շուտով հասել 1 512,7 դոլարի։ Առայժմ սա գնային առավելագույնն է՝ ավելի քան հինգ տոկոս բարձր նախօրեի հաշվարկային գնից (1 432 դոլար)։
Գնանշումները շարունակում են բարձրանալ չորս-հինգ տոկոսով եւ մնում են 1 460-1 500 դոլարի սահմաններում։
Միեւնույն ժամանակ, նավթի գնանշումները նվազում են երկրորդ օրն անընդմեջ, ընդհանուր անկումը կազմել է մոտ յոթ տոկոս։ Մոսկվայի ժամանակով ժամը 07.40-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսի գինը նվազում է 0,11 տոկոսով՝ մեկ բարելը 104,59 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 0,4 տոկոսով (99,89 դոլար)։