Փոքր բիզնեսի համար 0% հարկն անընդունելի է, դա կբերի ստվերի էական աճի. ՊԵԿ նախագահը՝ «Մեր ձևով»–ի խոստման մասին

Փոքր ու միջին բիզնեսի համար 0 տոկոս շրջանառության հարկի սահմանումը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անընդունելի է համարում:

Հիշեցնենք, նման խոստումով հանդես է եկել «Մեր ձևով» շարժումը։

«Ես դեռ չեմ տեսել մասնագիտական խորը հիմնավորումներ։ Հորդորս է քաղաքական գործիչներին, որ մենք ցանկացած թիրախ դնելուց առաջ խոսենք դրա հիմքում ընկած հիմնավորումների մասին»,– մամուլի ասուլիսում հայտարարեց նա։

«Մասնագիտական տեսանկյունից 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի․ դա նշանակում է ստվեր, ստվերի մեծացում, երբ խոսում ենք 0 տոկոս հարկի մասին, դա ենթադրում է թաքցվող շրջանառություն, թափանցիկության ցածր մակարդակ, խոշորների մասնատում և տեղավորում այդպիսի համակարգերում»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը հավելեց՝ Կառավարությունը պետք է գնա և գնում է ցածր հարկերի սահմանման, թափանցիկության և ստվերի կրճատման ճանապարհով:

Էդուարդ Հակոբյանը խոսեց նաև «Մեր ձևով» շարժման անդամների հայտարարությունների մասին, թե իշխանության գալու դեպքում պատրաստվում են 300 հազար նոր աշխատատեղ ստեղծել:

«Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպիսի և ինչ որակի աշխատատեղերի մասին ենք խոսում, որքանով են դրանք կայուն և երկարաժամկետ»,-նշեց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց՝ 2018 թվականից հետո Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ստեղծել է շուրջ 300 հազար աշխատատեղ:

Spread the love