
Պենսիլվանիայի համալսարանում անցկացված հետազոտությունը կասկածի տակ է դրել այն տարածված պատկերացումը, թե մեծ քանակությամբ ռաֆինացված ածխաջրերի (օրինակ՝ սպիտակ հացի, քաղցրավենիքի և այլ վերամշակված ածխաջրերի) սպառումն ամենամեծ վտանգն է ներկայացնում առողջության համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում:
Գիտնականները որոշել են համեմատել տարբեր դիետաների ազդեցությունը առողջության և հատկապես, նյութափոխանակության ու լյարդի ֆունկցիայի վրա։ Այս վերլուծությունը նրանք իրականացրել են մկների վրա՝ կիրառելով սննդակարգի տարբեր տարբերակներ:
Փորձը ներառել է սննդակարգի չորս տեսակ՝ բարձր ածխաջրային, բարձր ճարպային, կետոգենիկ (շատ մեծ քանակությամբ ճարպեր և գրեթե առանց ածխաջրերի) և ստուգիչ սննդակարգ, որը հարուստ է ամբողջական հացահատիկով, բջջանյութով և չափավոր ճարպերով: Բոլոր սննդակարգերում սպիտակուցը կազմում է կալորիաների մոտավորապես նույն մասնաբաժինը, ուստի տարբերությունները հենց ճարպերի և ածխաջրերի հարաբերակցության մեջ են եղել:
Արդյունքները ցույց են տվել, որ բարձր ճարպային և կետոգենիկ դիետա պահող մկներն ավելի շատ քաշ են հավաքել և ունեցել են նյութափոխանակության ավելի լուրջ խանգարումներ, քան նրանք, ովքեր ստացել են մեծ քանակությամբ ածխաջրեր: Այս կենդանիների մոտ դիտվել են նաև գլյուկոզայի վերամշակման խանգարումներ, բորբոքումներ և լյարդում ճարպային կուտակումների ավելացում՝ ցուցանիշներ, որոնք բժշկության մեջ կապված են նյութափոխանակության հիվանդությունների ռիսկերի հետ: Ի հակադրություն սրա՝ այն մկները, որոնք ստացել են շատ ածխաջրեր, բայց բջջանյութի և ամբողջական մթերքների հետ համակցված ձևով, ավելի քիչ են տառապել այդ խանգարումներից:
Դա առավել ցայտուն է դրսևորվել կետոգենիկ դիետայի խմբում. ածխաջրերի գրեթե լիակատար բացակայությունը և հագեցած ճարպերի մեծ քանակությունը հանգեցրել են նյութափոխանակության և լյարդի համար ամենախիստ բացասական հետևանքներին:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ մկների վրա ստացված արդյունքները չի կարելի ուղղակիորեն պրոյեկտել մարդկանց վրա, քանի որ նրանց նյութափոխանակությունը տարբեր է: Սակայն սա հստակ ցույց է տալիս, որ հագեցած ճարպերի ավելցուկն ինքնին կարող է առանձնահատուկ վնասակար լինել և առողջության համար կարևոր է ոչ միայն ածխաջրերի քանակը, այլև սննդակարգում ճարպերի, բջջանյութի և որակյալ ածխաջրերի միջև հավասարակշռությունը:
