
Նոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդիկ տարիքի հետ մարմնի բջիջնռրում կորցնում են իրենց Y-քրոմոսոմի մի մասը և սա ոչ թե պարզապես գենետիկական հետաքրքրասիրություն է, այլ մի գործընթաց, որը կարող է ազդել առողջության վրա, գրում է The Conversation-ը։
Երկար ժամանակ համարվում էր, որ սոմատիկ բջիջներում (այսինքն՝ ոչ սպերմատոզոիդներում) Y-քրոմոսոմի կորուստը մեծ նշանակություն չունի, քանի որ այս քրոմոսոմը պարունակում է համեմատաբար քիչ գեներ՝ բացի նրանցից, որոնք որոշում են արական սեռը և մասնակցում սպերմայի առաջացմանը։
Սակայն գենետիկական անալիզի ժամանակակից մեթոդները ցույց են տալիս, որ տարեց տղամարդկանց զգալի մասի մոտ բջիջների մի մասը զրկված է Y-քրոմոսոմից, իսկ դա կապված է մի շարք տարիքային հիվանդությունների հետ։
Տարիքի հետ Y-ի կորստի հաճախականությունը նկատելիորեն աճում է. վաթսուն տարեկան տղամարդկանց մոտավորապես 40%-ի մոտ դիտվում է Y-ի կորուստ որոշ բջիջներում, իսկ 90 տարեկանում այս ֆենոմենը գրանցվում է ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտավորապես 57%-ի մոտ։ Այս կորուստը տեղի չի ունենում բոլոր բջիջներում միաժամանակ, այլ միայն մի մասում՝ ստեղծելով այսպես կոչված մոզաիկություն. որոշ բջիջներ պահպանում են քրոմոսոմը, իսկ մյուսները՝ ոչ։
Նոր տվյալները ցույց են տալիս, որ Y-քրոմոսոմի կորուստը կապված է լուրջ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ՝ սիրտ-անոթային խանգարումներից մինչև նեյրոդեգեներատիվ հիվանդություններ և քաղցկեղի տարբեր տեսակներ։
Հետազոտությունները պարզում են, որ Y-ի կորուստը կարող է արագացնել բջիջների, այդ թվում՝ ուռուցքային բջիջների աճի գործընթացը, ինչպես նաև վատթարացնել այնպիսի օրգանների ֆունկցիաները, ինչպիսիք են սիրտը և երիկամները։
Նախկինում համարվում էր, որ Y-քրոմոսոմը գրեթե չի ազդում օրգանիզմի ֆունկցիաների վրա՝ սեռի որոշումից զատ, սակայն ժամանակակից ուսումնասիրությունները մատնանշում են, որ այն մասնակցում է այլ գեների ակտիվության կարգավորմանը և ազդում է հյուսվածքներում իմունային ու վերականգնողական (ռեպարատիվ) գործընթացների վրա։ Միևնույն ժամանակ, Y-ի կորուստը հիվանդությունների հետ կապող հստակ մեխանիզմները դեռևս լիովին պարզ չեն. գիտնականները դեռ աշխատում են հասկանալու համար, թե Y-քրոմոսոմի վրա առկա որ գեներն են, ազդեցություն ունենում տարիքային պաթոլոգիաների վրա։
