ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում
տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ
համագործակցությամբ տարբեր մարզերում հիմնվել են երիտասարդական կենտրոններ:
Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում
գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ
միջոցառումներ:
Միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ, հայկական
մանրանկարչության նկարազարդման վարպետության դասեր, խաղեր, խմբային աշխատանքներ,
ինտերակտիվ առաջադրանքներ, գրքերի նվիրատվություններ և փոխանակումներ, ֆիլմերի դիտումներ,
մրցույթներ, գրքերի քննարկումներ, ընթերցումներ, գրքին նվիրված հանրային արշավներ, դասական
երաժշտական ստեղծագործությունների կատարումներ և այլն: Թեմաները արդիական են և ներառում են
ներկա երիտասարդության հետաքրքրությունները՝ ինչպիսի՞ գրառում կաներ Թումանյանը Instagram-
ում, ո՞ր հեքիաթը կլիներ հետաքրքիր սերիալ, ո՞ր կերպարը կլիներ մեր կենտրոնի կամավորը, Թումանյանի
հերոսներից ո՞վ կլիներ influencer։
Նշենք, որ համայնքներում ստեղծված երիտասարդական միջավայրերի գործունեությունն ուղղված է 13-35
տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ
քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների
վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
