Հիփոթեքային վարկերը 2024–ին աճել էին 37 %-ով, 2025–ին ընդամենը 13 %–ով. Մարզերում նման վարկերն աճել են 30 %–ով

2022 և 2023 թվականների հիփոթեքային վարկերը աճել են 26 տոկոսով, 2024–ին աճը կազմել է 37 տոկոս, իսկ 2025–ին այն նվազել է՝ կազմելով 13 տոկոս։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17–ին, մամուլի սուլիսի ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության  նախագահ Դանիել Ազատյանը։

«2024 թվականը բացառիկ էր նրանով, որ ավարտվում էր հիփոթեքային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձման օրենքի կիրառումը, դրա համար տարվա վերջում մենք էական աճ ունեցանք։ Իսկ 2025–ին, երբ Երևանում բացակայում էր եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը, ունեցանք 13 տոկոս աճ հիփոթեքային շուկայում։

Երևանում 2025–ին հիփոթեքային վարկերը կազմել են 1,1 տրլն դրամ, իսկ մարզերում՝ 366 մլրդ դրամ։ Աճը Երևանում կազմել է 82 մլրդ դրամ, իսկ մարզերում՝ 113 մլրդ դրամ։

Հիփոթեքային վարկերի 13 տոկոս աճի մեջ 7,4 տոկոսը մարզերն են ապահովել։ Մարզերում հիփոթեքային վարկերը աճել են 31 տոկոսով։ Մարզերում աճը հիմնականում գրանցվել է ԱՐմավիրի և Կոտայքի մարզերում, բայց հույս ունենք, որ այս միտումը կտարածվի նաև այլ մարզերում»,–ասաց նա։

Անդրադառնալով վարկերի ու ավանդների տոկոսադրույքներին, Ազատյանն ասաց. «Ֆիզիկական անձանց դրամով ավանդները՝ 1–5 տարով, 2022 թվականի 9,8 տոկոս են եղել,  2023–ին կազմել է 9.7 տոկոս, 2024–ին՝ 9.3 տոկոս, իսկ 2025–ին աճել է մի փոքր և կազմել 9.5 տոկոս։ Իսկ արտարժութային ավանդները 3.9 տոկոսից աճել են 4–4.2 տոկոսի։

Ինչ վերաբերում է արտարժութային վարկերին, 2023–ին դրանք 13.5 տոկոս էին, ներկայումս 9.1 տոկոս են։

Բոլոր վարկերի 34 տոկոսը տրված են արտարժույթով, 66 տոկոսը՝ դրամով

Ավանդների մեջ 44 տոկոսը արտարժույթով ավանդներն են, իսկ 56 տոկոսը՝ դրամով»,– ընդգծեց Հայաստանի բանկերի միության  նախագահը։

Spread the love