Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին պետք է լինի ուղղված ընդհանուր շահին. Սահմանադրական դատարանը քննության է

Դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը,
համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված
կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը
վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք
հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն
ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է
ունեցել։
Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի
առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը
սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը, ըստ Մարդու
իրավունքների պաշտպանի` հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված
սեփականության իրավունքին։
«Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին, այդ թվում՝
կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական,
կանխատեսելի, համաչափ և ուղղված ընդհանուր շահին, իսկ սեփականությունից զրկումը՝
որպես առավել խիստ միջամտություն, կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում և
օրենքով հստակ ամրագրված պայմաններով»,- ընդգծում է Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված կայուն իրավական
դիրքորոշումներով ևս հաստատվում է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է
սահմանադրական հիմնարար իրավունքներից մեկը, որի սահմանափակումը, ինչպես նաև
սեփականությունից զրկումը հնարավոր է բացառապես օրենքով ամրագրված կարգով և
պայմաններով։
Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ թեև անձն օրենսդրորեն
ձեռք է բերում կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք, սակայն գործող
օրենսդրության կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը` ստեղծելով
իրավիճակներ, երբ անձը ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, բայց կոնկրետ
ժամանակահատվածի համար զրկվում է իրեն հասանելիք կենսաթոշակից:
Խնդրին բախվում են բազմաթիվ քաղաքացիներին, որոնցից շատերը` հարցին լուծում
գտնելու նպատակով, դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Spread the love