Կատուները կարող են օգնել մարդու քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ գտնելու հարցում

Գիտնականները վերլուծել են շուրջ 500 ընտանի կատուների ուռուցքների ԴՆԹ-ն և հայտնաբերել հիվանդության հետ կապված հիմնական գենետիկ մուտացիաները, հայտնում է BBC-ն:

Քաղցկեղը կատուների հիվանդությունների և մահացության հիմնական պատճառներից է, սակայն դրա զարգացման մեխանիզմների մասին շատ քիչ բան է հայտնի: «Մինչև օրս կատուների քաղցկեղի գենետիկան լիովին անհայտ ոլորտ էր, — պատմում է առաջատար հետազոտող, դոկտոր Լուիզա Վան դեր Վայդենը: — Ինչքան շատ բան իմանանք ցանկացած տեսակի քաղցկեղի մասին, այնքան ավելի շատ օգուտ դա կբերի բոլորին»:

Միջազգային թիմը, որը գլխավորում է Քեմբրիջի Ուելքոմ Սենգեր ինստիտուտը, ուսումնասիրել է կատուների քաղցկեղի 13 տեսակների հետ կապված մոտ 1000 գեն:

Նրանք պարզել են, որ կատուների մոտ քաղցկեղ առաջացնող շատ գեներ առկա են նաև մարդկանց մոտ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս երկու տեսակներն ունեն ընդհանուր հիմնական կենսաբանական գործընթացներ, որոնք նպաստում են ուռուցքների աճին և տարածմանը:

Գիտնականները պնդում են, որ ընտանի կատուները կարող են դառնալ կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների, օրինակ՝ եռակի բացասական քաղցկեղի հասկացման բանալին: Կրծքագեղձի քաղցկեղի 100 դեպքից մոտ 15-ը պատկանում է հենց այս տեսակին:

Կատուների մոտ այս ենթատիպն ավելի հաճախ է հանդիպում, քան մարդկանց մոտ, ինչը գիտնականներին հնարավորություն է տալիս օգտվել նմուշներից և գտնել նոր դեղամիջոցների մշակման ուղիներ, որոնք կարող են օգնել բուժման հարցում:

Մեծ Բրիտանիայի տնային տնտեսությունների գրեթե քառորդն առնվազն մեկ կատու ունի, ինչը այս կենդանուն դարձնում է գրեթե նույնքան հանրաճանաչ հավատարիմ ուղեկից, որքան շներն են: Սակայն, եթե շների քաղցկեղի հետազոտությունները լայնորեն իրականացվել են, կատուները մինչ օրս գրեթե չուսումնասիրված են մնացել:

Գիտնականներն ասում են, որ և՛ կատուները, և՛ շները կարող են օգնել հասկանալ շրջակա միջավայրի այն գործոնները, որոնք ազդում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վրա: Նրանք ապրում են մեզ հետ նույն տարածքում, ինչը նշանակում է, որ ենթարկվում են շրջակա միջավայրի նույն գործոնների ազդեցությանը, ինչ մենք:

«Սա օգնում է մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է քաղցկեղը զարգանում կատուների և մարդկանց մոտ, ինչպես է շրջակա միջավայրն ազդում հիվանդության ռիսկի վրա և, հնարավոր է, գտնել դրա կանխարգելման ու բուժման նոր ուղիներ»,- ասել է Կանադայի Օնտարիոյի անասնաբուժական քոլեջի պրոֆեսոր Ջեֆրի Վուդը:

Spread the love