Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ  համագործակցությունը

 

Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության
նախագահ Նարե Հովհաննիսյանին։
Պաշտպանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել արդյունավետ
համագործակցության համար՝ կարևորելով ոլորտում առկա խնդիրների պրոֆեսիոնալ և
հետևողական հասցեավորումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների
պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում առկա
խնդիրներին, ոլորտի մասնագետների գենդերազգայուն պատրաստվածության
կարևորությանը, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման
անհրաժեշտությանը։
Հանդիպման շրջանակում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է իր ղեկավարած
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության
կողմից իրականացվող ծրագիրը՝ անդրադառնալով դրա նպատակներին, թիրախային
ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։ Քննարկվել են նաև հետագա
համագործակցության հնարավորությունները և համատեղ նախաձեռնությունների
իրականացման հեռանկարները։
Անահիտ Մանասյանը կարևորել է ոլորտում աշխատակիցների վերապատրաստումների
շարունակականությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կարողությունների զարգացումն
ու արդիական գիտելիքների ապահովումը մարդու իրավունքների արդյունավետ
պաշտպանության առանցքային նախապայմաններից են։

Պաշտպանը նաև կարևորել է իրավապաշտպանների շրջանում համերաշխությունն ու
միասնական ջանքերը՝ ընդգծելով, որ դրանք վճռորոշ դեր ունեն ոլորտային
բարեփոխումների իրականացման և համակարգային խնդիրների հաղթահարման գործում։
«Այս ոլորտում մեզանից յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթները։ Նպատակին
չենք կարող հասնել միայնակ։ Համագործակցության ծրագրերը կարևոր են, խնդիրները
բազմաթիվ են, և այս ուղղությամբ անհրաժեշտ են բազմակողմանի ու հետևողական
քայլեր։ Քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավվածությունն առանցքային
նշանակություն ունի»,– ընդգծել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն պետական
մարմինների, քաղաքացիական հասարակության և մյուս շահագրգիռ կողմերի միջև
կառուցողական ու համակարգված համագործակցության պայմաններում

Spread the love