Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը
հյուրախաղերով կմեկնի Լիբանան, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։
Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։
Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է
ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում Նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝
դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ
Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։
Համերգային ծրագիրը ներկայացնում է ծաղկաքաղ հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներից՝
Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Լուիջի Արդիտիի, Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ
Խաչատրյանի, Ջակոմո Պուչինիի, Մարինե Ալեսի, Արմեն Տիգրանյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ․
յուրաքանչյուրն իր ոճով ու հնչերանգով հարստացնում էր երեկոյի բազմերանգ գունապնակը։
Այս հյուրախաղերն ունեն պատմական նշանակություն․ ՀՊԿՆ-ն Լիբանանում հանդես կգա 27 տարվա
ընդմիջումից հետո՝ լիբանանյան հանդիսատեսին ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների
ստեղծագործություններ։
Համերգաշարը նպատակ ունի ամրապնդելու մշակութային կապերը հայկական սփյուռքի և Հայաստանի միջև,
ինչպես նաև ներկայացնել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակում։
Հյուրախաղերը կազմակերպվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՊԿՆ-ի և Լոնդոնի KCCA
(Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիա) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ՝ Լիբանանի
համազգային վարչության հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան
