ՔՊ–ականները մեկ ավտոբուսով՝ Փաշինյանի հետ միասին, ներկուսակցական քարոզարշավի են գնալու

ՔՊ ընտրական ցուցակով առաջին փուլը հաղթահարած 50–յակն այս շաբաթվանից սկսում է ներկուսակցական նախընտրական քարոզարշավը։

ՔՊ–ականներն իրենց կուսակիցների շրջանում քարոզչություն են անելու ոչ աշխատանքային օրերին՝ միայն շաբաթ և կիրակի, լինելու են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։

Որոշվել է, որ 50–ն էլ միասին են գնալու քարոզարշավի՝ մեկ ավտոբուսով, որպեսզի պահպանվի հավասարությունը, մեկը մյուսից շատ քարոզչություն չիրականացնի, մեկը մյուսից առաջ չընկնի։ Այս քարոզարշավը կշարունակվի մինչև մարտի վերջ։ Դրանից հետո արդեն տեղի է ունենալու ներկուսակցական 2–րդ ընտրական փուլը, երբ պատվիրակներն արդեն այդ 50-ի մեջ են ընտրություն անելու՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն և ով որ տեղը պետք է զբաղեցնի։

Մեր տեղեկություններով, այս շաբաթ ՔՊ–ականների առաջին կանգառը Արմավիրի մարզն է, հետո Արարատի մարզը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ–ականներով լի ավտոբուս կուղևորվի հենց այս մարզերի կուսակիցների սիրտը շահելու, քվե խնդրելու։

Հիշեցնենք, որ փետրվարի 13–15–ը խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։ 1100 պատվիրակները ՔՊ գրասենյակում 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեցին։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրել էր Նիկոլ Փաշինյանը՝ 894 ձայն, նրան հաջորդում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 780, ապա Գևորգ Պապոյանը՝ 765, Արարատ Միրզոյանը՝ 743, Վահագն Ալեքսանյանը՝ 697 ձայն։

Spread the love